ՀՀ կառավարության որոշմամբ Արցախի Հանրապետությանը կտրամադրվի 13.5 մլրդ դրամ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ այդ գումարից 1.2 մլրդն ուղղվելու է բնակիչների կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագրին, իսկ 12.2 մլրդ դրամը հատկացվելու է որպես միջպետական վարկ: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։
«Արցախի Հանրապետությանը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացվող ֆինանսական օժանդակությունը կտրամադրվի նվիրատվության պայմանագրի հիման վրա՝ բնակչության՝ հոկտեմբեր ամսվա էլեկտրաէներգիայի, գազամատակարարման եւ կապի ծառայությունների, ինչպես նաեւ տնտեսության տարբեր ոլորտների ֆինանսավորման համար»,- կառավարության նիստում նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ սա նույնաբնույթ արդեն չորրորդ որոշումն է. ընդհանուր առմամբ 2020թ. առ օրս Արցախին է փոխանցվել գրեթե 100 մլրդ դրամի աջակցություն:
Նախագծով նախատեսվում է նաեւ տրամադրել միջպետական վարկ՝ հոկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի, ինչպես նաեւ պարտատոմսերի մարման նպատակով։ Միջպետական վարկը Արցախի կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,001% տոկոսադրույքով՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով։