00:00:00

Անկարան պատրաստ է սահմանի բացմանը, սպասում է հայ-ադրբեջանական լիարժեք կարգավորմանը. թուրք նախարար

17:06, 10 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Հայ-թուրքական սահմանի բացումը շատ երկար չի ձգվի, երբ Հայաստանն ու Ադրբեջանը լիարժեք համաձայնության գան, «Ազատությանն» ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը:

 

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը լիարժեք համաձայնության կգան: Սա մեզ համար կարևոր է: Ես բանակցություններ եմ վարել իմ գործընկեր հայ նախարարի հետ: Մենք կատարել ենք անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ ինչպես երկաթուղային դարպասի [նկատի ունի Կարս - Գյումրի երկաթուղին], այնպես էլ Ալիջանի ցամաքային սահմանի բացման ուղղությամբ: Փոխադարձ համաձայնության դեպքում և հաշվի առնելով Ադրբեջանի զգայունությունը, մենք կարծում ենք, որ համաձայնության ձեռքբերումից հետո սահմանի բացումը շատ երկար չի ձգվի: Աստծո կամոք, դա տեղի կունենա կարճ ժամանակում»,- ասել է Աբդուլքադիր Ուրալօղլուն:

 

Երևանն ու Անկարան 44-օրյա պատերազմից հետո հարաբերությունների կարգավորման նոր փուլ են սկսել, պայմանավորվել են սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների առաջ, սակայն Թուրքիան դեռ չի բացում ավելի քան 3 տասնամյակ փակ սահմանը՝ դա մշտապես պայմանավորելով հայ- ադրբեջանական կարգավորմամբ: Երևանն ու Բաքուն անցած տարի նախաստորագրել, բայց դեռ չեն ստորագրել խաղաղության պայմանագիրը:

 

Երևանում արդյունավետ են համարում Անկարայի հետ երկխոսությունը, թուրքական Ալիջանի դիմաց գտնվող Մարգարայի անցակետը վերանորոգել են դեռ 2 տարի առաջ և ևս հույս ունեն, որ Անկարան առաջիկայում կբացի սահմանը:

 

Ամռանը հայտնի դարձավ, որ Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունը Գյումրի-Կարս երկաթգծի կառուցման համար նախագծային աշխատանքների մրցույթ է հայտարարել: Մրցույթի արդյունքների մասին դեռ չի հայտարարվել:

 

Հուլիսին Շիրակին սահմանակից Աքյաքայի քաղաքապետը «Ազատությանն» ասել էր, թե շինարարություն է ընթանում Աքյաքա-Գյումրի երկաթուղու ենթակառուցվածքների վերականգնման համար, որը, պաշտոնյայի գնահատմամբ, կավարտեն երկու-երեք ամսից։ Կարս նահանգում գտնվող քաղաքի քաղաքապետը նաև ասել էր, թե արդեն իսկ մրցույթ է հայտարարվել նաև Աքյաքայից դեպի Գյումրի ցամաքային ճանապարհի կառուցման համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր