Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո ՀՀԿ-ն կդառնա ընդդիմություն: Այսօր հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
«Մենք որևէ ռևանշիզմի, վրեժխնդրության աննպատակ անձնական ատելության խնդիր չենք դրել և չենք դնելու: Պայքարը պատկերացնում են ծրագրային և գաղափարական դաշտում, այլ ոչ թե ինքնանպատակ դեմ ենք քվեարկելու», - ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքերով՝ իրենց հիմնական խնդիրը լինելու է Հայաստանի և Արցախի անվտանգությունը:
Նա նշեց, որ քաղաքական ուժը, որ իրեն համարում է պետական գաղափարախոսության կրող, վերմակն իր վրա գցելով չպիտի առաջնորդվի: «Երբեմն պետք է գնաս զիջումների՝ հասկանալով, որ դա է այս պահին իրական ճանապարհը»,-հավելեց նա: Հարցին, թե մեծամասնությունը ՀՀԿ-ն պահպանելու է, նա արձագանքեց. «Ինչ-որ մեկը կասկածո՞ւմ է»:
Նա հավելեց, որ ՀՀԿ-ն ամեն ինչ անում է սկզբունքով, որևէ մեկի ճնշման տակ չի առաջնորդվում, ոչ էլ սուրճի բաժակ նայելով, հետևաբար չի կարող ասել, թե ինչպես կքվեարկեն կառավարության ծրագրին: «Երբ կներկայացվի կառավարության ծրագիրը, այդ ժամանակ էլ կասենք»,-ասաց նա: Հարցին, թե ինչպիսի ընդդիմություն են լինելու, նա պատասխանեց. «Ընդդիմություն, որի քայլերը միտված են լինելու Հայաստանի հզորամանը»: