Պատերազմի օրերը հիշելն այնքան էլ Վրեժի սրտով չէ. խոսելիս նյարդայնանում է։ Քրիստինեն նկատում է ու շոյում ամուսնու մորուքը։
«Միայն հիշում եմ, որ օդ թռա, և վերջ, գիտակցությունս կորցրել եմ։ 22 օր կոմայի մեջ եմ եղել և արթնացել արդեն Երևանում` «Էրեբունի» հիվանդանոցում։ Արթնացա, բայց ոչինչ չէի տեսնում, մատս անգամ շարժել չէի կարող։ Ցավերին դիմանալու համար նորից արհեստական կոմայի մեջ գցեցին։ Օրեր անց կրկին արթնացա ու հասկացա` տեսողությունս կորցրել եմ»,–պատմում է Վրեժն ու, չնայած այն հանգամանքին, որ ծխել չի կարելի, քանի որ թոքը վնասված է, Քրիստինեին խնդրում է ծխախոտ տալ։
«Ամեն ինչ շատ արագ եղավ` 3 օրում եմ հարսի զգեստ ընտրել։ Մտածում էի` կարևորը միասին լինենք, մնացածը մանրուքներ են։ Չնայած արագ կազմակերպեցինք, բայց հարսանիքը մեր ուզածով անցավ։ Միայն վերջում հրավառություն չարեցինք բնականաբար։ Այս ընթացքում ամեն ինչի հասանք, քանի որ Վրեժը շատ ուժեղ է, մնաց միայն մեկ բան` Վրեժի տեսողության խնդիրը»,–ասում է Քրիստինան ու փաթաթվում ամուսնուն։Ի դեպ, Վրեժն ու Քրիստինան ծանոթ են դեռ դպրոցական տարիներից. նույն դասարանում են սովորել։ Մի քանի տարի Քրիստինան տանջել է Վրեժին` «չեմուչում» անելով, բայց 11-րդ դասարանից սկսել են ընկերություն անել։ Բանակ գնալուց առաջ Վրեժը սկսել է աշխատել և գումար հավաքել, բանակի քեֆի օրը Քրիստինային մատանի է նվիրել։ Իհարկե, մատանու գոյության մասին միայն երկուսով են իմացել։ Բանակում գտնվելու ամբողջ ընթացքում կապը պահել են, իսկ Վրեժի վիրավորվելուց հետո ամեն օր միասին եղել։ Դժվար ու ոչ լուսավոր օրեր շատ են եղել։ Վրեժն ասում է` մտքում ժամերն էր հաշվում, թե երբ է Քրիստինան դասերն ավարտելու, որ 15 րոպեով իր մոտ` հիվանդանոց գա ու նոր տուն գնա։ Քրիստինան էլ նշում է` հոգու խորքում միշտ հավատացել է, որ Վրեժը ոտքի է կանգնելու, ապաքինվելու, անգամ այն օրերին, երբ Վրեժն անգիտակից պառկած էր գլխի, ծնոտի, ողնաշարի, որովայնի, աչքի լուրջ վնասվածքներով, երբ վիրակապերի մեջ կորել ու անճանաչելի էր դարձել, երբ հերթական վիրահատությունն էին անում, երբ անգամ բժիշկները չեն հավատացել, որ ամեն ինչ լավ կլինի։ «Դժվարությունները մեր հարաբերություններն ավելի ամուր են դարձրել։ Այդպես ամեն օր սկսում ես ավելի շատ գնահատել էն, ինչ ունես, էն, ինչ փողով կամ հարստությամբ ձեռք չես բերի։ Մեր սերը հաջորդ փորձությունն էլ կհաղթահարի»,–ասում է Քրիստինան ու ժպտում։ Վրեժի մայրը հուզվում է ու շշնջում. «Ամեն ինչ կտայի, որ որդիս հիմա իր հարսնացուի ժպիտը տեսներ»։ Իրավիճակը փրկում է Վրեժը։ Ասում է` ուզում է, որ ամենաքիչը 5 երեխա ունենան։ Քրիստինայի մի հոնքը բարձրանում է` հինգը կարծես շատ է, բայց չի ընդդիմանում։ Միայն հիշեցնում է, որ մինչ այդ հիմա Գերմանիա գնալու հարցերը պետք է կարգավորեն։ Վրեժը հոգոց է հանում ու անկեղծ նշում` իրենց գյուղից (Արարատի մարզ, Զանգակատուն) դուրս չի պատկերացնում, ուզում է բուժվել ու արագ հայրենիք` հարազատ գյուղ վերադառնալ։ «Այդպես էլ լինելու է»,–հավելում է Քրիստինան, որը գիտի` առջևում էլի դժվարություններ կան, բայց ժպիտով ու ինքնավստահ նշում է, թե իրենց սերն այնքան շատ է, որ դա էլ է կուլ տալու։ Վրեժենց տնից դուրս եմ գալիս ու Երևան վերադառնալու ճանապարհին լուռ եմ. 14 տարի Քրիստինեից մեծ լինելով` ինձ փոքր մարդ եմ զգում ու հասկանում` սիրո իսկական–չիսկականը չգիտեմ, բայց սերը Վրեժի ու Քրիստինեի հարաբերության տեսքն ունի։ Վրեժին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 091 50 11 53 հեռախոսահամարով (կտրամադրենք Վրեժի մոր անունով բացված հաշվեհամարն ու հեռախոսահամարը)։