«Մարտիկներ հանուն արդարության» կոչվող խմբի ղեկավար Ռոբերտ Քուրքյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
Սույն տեղեկատվությունը Irakanum.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը: «Փետրվարի 26-ին Ռոբերտ Քուրքյանի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում»,- ասաց նա, հավելելով, որ Քուրքյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ ԱԱԾ-ի գործողությունների արդյունքում պարզվել էր, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Քուրքյանը 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր՝ «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձևավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության և գաղտնապահության կանոնների մասին:
Նույն ժամանակահատվածում նշված անհատական էջի միջոցով տարածվել են նաև Հայաստանի Հանրապետության իրավապահ և այլ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, պայթյուններ, հրկիզումներ իրականացնելու և այդ եղանակով համընդհանուր վախի մթնոլորտ ձևավորելու ուղղակի կոչեր և այլ գործողություններ:
Նրա կողմից կատարված ենթադրյալ հանցագործության՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու փորձի և ահաբեկչության նախապատրաստության համար ՀՀ քրեական օրենսգրքի 34-223-րդ հոդվածի 1-ին մասով և 35-217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը և հայտարարվել է հետախուզում:
Irakanum.am