00:00:00

Կատարվել է կատարակտի 617 անվճար վիրահատություն

16:54, 05 մայիս 2018

Շարունակվում է «Առողջ աչքեր» կատարակտի վիրահատությունների անվճար ծրագիրը, որի շրջանակում ապրիլի 30-ի դրությամբ իրականացվել է կատարակտի 617 վիրահատություն։ Դրանցից 140-ը կատարվել է  փորձարարական փուլում Սպիտակի բժշկական կենտրոնում և Սևանի «Լայոնս մարզային ակնաբուժական» հիմնադրամում: 2017թ. սեպտեմբերից ծրագիրն իրականացվում է նաև «Շենգավիթ», «Նաիրի», Կապանի, Գորիսի, Գյումրու, Իջևանի բժշկական կենտրոններում: Ծրագրի նպատակը կուրությունը կանխարգելող այդ վիրահատությունը, ներառյալ` ոսպնյակի արժեքը, հասանելի դարձնելն է բնակչության որոշակի խմբերի համար, ովքեր ներառված չեն պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն ստացող խմբերում։ Միաժամանակ, ապահովվում է կատարակտի բուժման աշխարհագրական հասանելիությունը և աչքի հիվանդություններով պայմանավորված առողջապահական ցուցանիշների բարելավումը։   Ծրագրի շրջանակում վիրահատված 617 քաղաքացու 39%-ը եղել են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված,  մինչև 30.00 միավոր ունեցող անձինք, 28%-ը` ուսուցիչներ, 15%-ը` բժիշկներ, 10%-ը` դասախոսներ, 8%-ը` մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: Մինչև ծրագրի ավարտը Երևանի և մարզերի նշված բժշկական կազմակերպություններում պետական պատվերի շրջանակում կվիրահատվի սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված շուրջ 3000 քաղաքացի։   Հիշեցնենք, որ ծրագրում ընդգրկվելու համար կարող են դիմել.
  1. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 0 միավորից բարձր` մինչև 30.00-ը ներառյալ անապահովության միավոր ունեցող ընտանիքների` 60 տարեկան և ավելի բարձր տարիքի անդամները,
  2. Հանրակրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով մանկավարժական աշխատող և ուսուցիչ հանդիսացող և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշման N 4 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկում» ընդգրված պաշտոն զբաղեցրած կամ զբաղեցնող սոցիալական փաթեթի շահառու չհանդիսացող անձինք,
  3. Բարձրագույն ուսումնական հաստատություների և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների գիտամանկավարժական և պրոֆեսորադասախոսական կազմի, նախնական (արհեստագործական)  և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմում ընդգրկված դասախոսներ և արտադրական ուսուցման վարպետներ հանդիսացող անձինք,
  4. «Բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-րդ հոդվածի 6-րդ մասով բուժաշխատող (ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողներ) հանդիսացող և առողջապահության բնագավառում գործունեություն իրականացրած կամ իրականացնող անձինք,
  5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված մշակույթի ոլորտի պետական կազմակերպություններում, ինչպես նաև «Երևանի պարարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում աշխատող կամ աշխատած սոցիալական փաթեթի շահառու չհանդիսացող անձինք:
  Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում, կուրությունը կանխարգելելու նպատակով բժշկական օգնություն և սպասարկում տրամադրվում է 60 տարեկան և ավելի բարձր տարիքի, նշված ոլորտներում մասնագիտական գործունեության առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձանց։   Ծրագրին վերաբերող այլ հարցերի հետ կապված պարզաբանումներ կարելի է ստանալ` զանգահարելով 8003 հեռախոսահամարով («Թեժ գիծ» ծառայություն):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր