00:00:00

Քաղաքացիական անհնազանդության 10 օր. ամփոփում

16:49, 05 մայիս 2018 Հասարակություն

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 31-ին Գյումրիից սկսեց «Իմ քայլը» շարժումը՝ ուղղված Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Ապրիլի 13-ին շարժման անդամները մուտք գործեցին Երևան և սկսեցին համաժողովրդական ընդվզում, որն իր հանգուցալուծումը ստացավ ապրիլի 23-ին՝ արդեն վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանի հրաժարականով: Հատկանշական է, որ 2008թ. մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդությունը քաղաքական պահանջով ամենաբազմամարդ շարժումն էր: Այն աչքի ընկավ տարիքային և սոցիալական տարբեր խմբերի ակտիվ մասնակցությամբ և լայն աշխարհագրությամբ. բողոքի ակցիաներ էին կազմակերպվում առանց բացառության Հայաստանի բոլոր մարզերում ու խոշոր բնակավայրերում: Աշակերտների ազատության սահմանափակում Հատկապես ապրիլի 16-ից սկսած՝ շարժումն աչքի ընկավ ուսանողների և դպրոցականների ակտիվ մասնակցությամբ: Այդ ընթացքում իրավապաշտպանների միացյալ թեժ գիծը առնվազն 25 ահազանգ է ստացել Հայաստանի տարբեր բնակավայրերից (Երևան, Մասիս, Հրազդան, Իջևան, Էջմիածին, Արարատ, Արմավիր) այն մասին, որ դպրոցների տնօրենները փակել են դպրոցի դուռը և թույլ չեն տալիս աշակերտներին միանալ ցուցարարներին: Այս հարցի շուրջ բազմաթիվ շահարկումներ եղան սոցցանցերում, ինչպես նաև մի շարք քաղաքական գործիչների կողմից, որ «անչափահասները հանրահավաքին մասնակցել չեն կարող և չի կարելի նրանց օգտագործել քաղաքական նպատակներով»: Այս առումով տեղին է հիշեցնել ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածը, որի առաջին մասում նշվում է՝ «յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք»: Նկատենք, որ այստեղ հանրահավաքին մասնակցելու տարիքային սահամանափակում չի դրվում: Տարիքային սահմանափակում չի դրվում նաև Երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 15-րդ հոդվածում, որտեղ ասվում է. «Մասնակից պետություններն ընդունում են միավորումների մեջ մտնելու և խաղաղ հավաքների մասնակցելու երեխայի ազատության իրավունքը»: Այս դրույթը ամրապնդվում է նաև ՀՀ Երեխաների իրավունքների մասին օրենքի 21-րդ հոդվածում. «Յուրաքանչյուր երեխա ունի քաղաքացիների միավորումներին, այդ թվում` հասարակական, մանկապատանեկան կազմակերպություններին անդամակցելու, խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք»: Հետևաբար, քաղաքացիների՝ խաղաղ հանրահավաքներին մասնակցելու հարցում որևէ տարիքային սահմանափակում չկա, իսկ ցույցերի ոչ խաղաղ բնույթը փաստել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը: Ոստիկանության գործողությունները Բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանությունն աչքի է ընկել մի շարք ապօրինի գործողություններով: Այսպես, ոստիկանության գործողություններն ակտիվիստների նկատմամբ սկսվել են ապրիլի 16-ից, երբ ցուցարարները պատրաստվում էին մեքենաներով փակել փողոցները: Իրավապաշտպանների միացյալ թեժ գծի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ գրանցվել է ամենատարբեր պատճառաբանություններով մեքենաները տուգանային հրապարակ տեղափոխելու մոտ 500 դեպք: Բացի այդ, ոստիկանությունը երկու անգամ կիրառել է հատուկ միջոցներ՝ ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում և ապրիլի 22-ին Արցախի փողոցում, ինչի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել առնվազն 30 մարդ: Բերման ենթարկված քաղաքացիներին իրավական աջակցություն ցուցաբերած փաստաբանների գնահատականների համաձայն՝ ընդհանուր առմամբ ոստիկանական բաժիններում բերման ենթարկվածների նկատմամբ վերաբերմունքը եղել է դրական: Այնուամենայնիվ, դեպքերի մեծ մասում ցուցարարները բերման են ենթարկվել բռնի ուժով, հայհոյախառն արտահայտություններով: Մի շարք դեպքերում նրանք ոստիկանական բաժիններ են տեղափոխվել քաղաքացիական պետհամարանիշերով ավտոմեքենաներով, անհիմն կերպով անազատության մեջ են պահվել ավելի քան 3 ժամ: Մինչև ապրիլի 23-ը, ըստ իրավապաշտպանների միացյալ թեժ գծի տեղեկությունների, բերման է ենթարկվել մոտ 1000 քաղաքացի, նրանցից առնվազն 55-ը՝ անչափահաս: Ձերբակալվել է 58 քաղաքացի, այդ թվում մեկ անչափահաս, որոնք բոլորն էլ ազատ են արձակվել ապրիլի 23-ին: Լրագրողներ և իրավապաշտպաններ Ապրիլի 21-ից ոստիկանության կողմից թիրախավորվել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Մասնավորապես, այդ օրը բերման է ենթարկվել և ձերբակալվել Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ, անօրինական հավաքներ կազմակերպելու և անցկացնելու կասկածանքով: Նույն օրն ավելի ուշ Գյումրիի կայարանից քաղաքացիական պետհամարանիշներով ավտոմեքենայով բերման է ենթարկվել և նույն կասկածանքով ձերբակալվել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: Ապրիլի 22-ին Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը: Վերջինս նույն օրն ազատ է արձակվել օմբուդսմեն Արման Թաթոյանի համապատասխան պահանջից հետո: Ցույցերի և անհնազանդության ակցիաների օրերին բազմիցս խոչընդոտվել է նաև լրագրողների աշխատանքը՝ թե՛ ոստիկանության աշխատակիցների, թե՛ քաղաքացիական հագուստով կամ դիմակավորված անձանց կողմից: Ըստ ՀՀ դատախազության տվյալների՝ ապրիլի 13-23-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է լրագրողների աշխատանքները խոչընդոտելու 17 դեպք, դրանցից 12-ը (14 լրագրողի նկատմամբ) պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշներ: 11 դեպքի առթիվ (13 լրագրողի նկատմամբ) արդեն հարուցվել են քրեական գործեր: Ամփոփում Այսպիսով, ապրիլի 13-23-ն ընկած ժամանակահատվածում Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպված ցույցերը կրել են խաղաղ բնույթ, առաջին անգամ քաղաքական բողոքի ցույցերին մասնակցել են դպրոցականները: Ոստիկանության գործողությունները հատկապես ապրիլի 17-23-ը եղել են հիմնականում ոչ իրավաչափ, թիրախավորվել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, քաղաքացիները բերման են ենթարկվել հիմնականում բռնի ուժով, մի շարք դեպքերում՝ քաղաքացիական պետհամարանիշերով ավտոմեքենաներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր