ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առիթով, որը ներկայացնում ենք ստորև.
2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն ի ցույց դրեցին, որ տասնամյակների պայքարից հետո սահմանադրական այս դրույթը Հայաստանում հաստատված է անշրջելիորեն: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի այսօր տեսնում է, գիտի, որ ինքը որոշիչ ուժ է, այնպես, ինչպես նախատեսված է մեր երկրի Սահմանադրությամբ:
Խորհրդարանական արտահերթ ընտրությունները, ըստ այդմ, ցույց տվեցին, որ վերջին երեք տարիներին մեր սահմանադրական գիտակցության մեջ տեղի են ունեցել խորքային փոփոխություններ, և Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձան ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու և ոչ թե ճգնաժամ հարուցելու միջոց: Սա սահմանադրական իրականություն ստեղծելու մեր առաքելությունը նոր թափով կյանքի կոչելու ամուր նախադրյալներ է ստեղծում:
Մեր առաջիկա անելիքների առաջնահերթությունների շարքում արտաքին, սահմանադրական անվտանգության օրակարգերն են, այդ օրակարգերը սպասարկելուն կոչված պետական ինստիտուտների բարեփոխումը և կայացումը: Այս օրակարգերի պատշաճ սպասարկումն է, որ պիտի ապահովի մարդու, մարդկային ներուժի զարգացման համար անհրաժեշտ իրավական, սոցիալական, կրթական, ենթակառուցվածքային պայմանների հասանելիությունը, և այս օրակարգի վրա պիտի աշխատենք օրնիբուն՝ մեր երկրի անվտանգությունն ու հզորությունը, մարդու և քաղաքացու ազատությունը, երջանկությունն ու բարեկեցությունը որպես նպատակ ունենալով:
Այս ընթացքում, ակնհայտորեն, չի հաջողվի խուսափել մեր երկրի կառավարման համակարգի շուրջ քննարկումներից, բայց այս կարևորագույն հարցում էլ պիտի առաջնորդվենք «կտրելուց առաջ յոթ անգամ չափելու» սկզբունքով:
Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, խոնարհվելով հանուն հայրենիքի, հանուն ինքնիշխան պետության իրենց կյանքը զոհած մեր բոլոր եղբայրների ու քույրերի հիշատակի առաջ՝ շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա՝ հուլիսի 5-ի առիթով»: