Էդ ՏՕՌ-երի պատմությունն իհարկե հետաքրքիր ա, բայց ավելորդ բարդացնել այն պետք չէ: Այո´, Սերժ Սարգսյանը ժամանակին 18 հատ ՏՕՌ էր գնել, որը, եթե մատակարարվեր, մեր օդը գրեթե ամբողջովին կփակեր: Մեզ ՌԴ-ից հասել էր 6-ը, ևս 6-ը պատերազմի ժամանակ նոր հասավ, մի մասը ընթացքում շարքից դուրս եկավ:
Ստեղ ուրիշ հետաքրքիր դրվագ կա: Ուրեմն, նոյեմբերի 7-ի առավոտը, երբ եսիմով եսիմխի որոշեց, որ Իսկանդեռով պիտի Շուշի խփվի, մեր ՀՕՊ-ին (հակաօդային պաշտպանությանը) ասեցին, որ ՌԷՊ-ը (ռադիոէլեկտրոնային պայքարը) անջատել է պետք, որ Իսկանդեռի ճշգրտության վրա դա չազդի (թե ոնց պիտի ազդեր չգիտեմ), որ դուզ Շուշիին խփի էլի, չշեղվի հանկարծ: Ուրեմն մեր ՀՕՊ-ը ՌԷՊ-ը անջատում է ու նույն վայրկյանին թուրքական ԱԹՍ է մտնում ներս: Սա շատ լավ հիշում եմ, քանի որ դրանից առաջ մոտ չորս օր ԱԹՍ չկար, հազիվ սկսել էինք դուրս գալ բլինդաժներից, արև տենալ, հենց ԱԹՍ-ի ձենը լսինք, նորից հետ մտանք: Էկավ պտտվեց, պտտվեց ու խփեց: Պարզվավ ՏՕՌ ա շարքից հանել: Հետո դե Իսկանդեռը հասավ Շուշի ու մի 10 կիլոմետրից դրա «սունկը» երևում էր:
Ասածս ինչ ա՝ 21րդ դարում ինչ ուզես, կարաս գնես, բայց դա չի նշանակում, որ այդ ամենը քեզ պետք եղած վախտ կաշխատի կամ որ խփելուց քո ուզած թիրախին կխփի: Կյանքը մի փոքր ավելի բարդ բան ա:
Էս դավադրությունն իրոք որ մի ուչաստկովու հագով գործ ա, բայց ինչոր բան ինձ հուշում է, որ այն երբեք չի հարուցվի:
Արթուր Դանիելյան