Հայաստանը ներկայացնող մարզական լրագրողները դիմել են միջազգային ֆուտբոլային կառույցներին՝ Եվրո-2020-ի հավատարմագրման մերժման պատճառով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց մարզական լրագրող Կարեն Ռաֆայելյանը՝ հայտնելով, որ ի սկզբանե ՈՒԵՖԱ-ից նամակ է ստացել, ըստ որի ինքը հավատարմագրում ունի, սակայն այն պետք է հաստատվի հյուրընկալող երկրներին իրավապահ մարմինների կողմից:
«Մայիսի 20-ին ՈւԵՖԱ-ն պաշտոնական գրությամբ հաստատել էր, որ ես հավատարմագրվել եմ Եվրո-2020-ի խաղերը լուսաբանելու համար և ուղարկել նաև Սանկտ Պետերբուրգում նախատեսված հանդիպումներին հավատարմագրվելու համար հղումները։ Սակայն Եվրոպայի առաջնության մեկնարկից 2 օր անց՝ հունիսի 13-ի ուշ երեկոյան, ՈւԵՖԱ-ից հայտնեցին, որ հավատարմագրումը չի հաստատվել կազմակերպիչ երկրներից մեկի ոստիկանության որոշմամբ։ Ենթադրաբար դա եղել է Բաքվի կազմկոմիտեի միջամտությամբ։
ՈւԵՖԱ-ն միշտ ընդգծում է, որ ֆուտբոլը պետք է հեռու պահել քաղաքականությունից, սակայն ստացվում է, որ աչք է փակում այդպիսի երևույթների վրա։ Ստացվում է, որ Ադրբեջանի պետական մարմիններն արգելում են հայ լրագրողներին ներկա լինել Ռուսաստանում կայանալիք խաղերին։ Դա, իհարկե, անընդունելի է, և սպորտը քաղաքականացնելու վառ դրսևորում է։ Հիմա սպասում ենք ՈւԵՖԱ-ի պատասխանին։ Հուսով եմ՝ խնդիրը կլուծվի»,-ասաց նա:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ևս նամակներով դիմել է համապատասխան կառույցներին՝ իրավիճակում պարզություն մտցնելու համար: Հարցով հետաքրքրված է նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը: