Ռուսաստանում պետք է ստեղծվեն աղքատների համար հատուկ խանութներ, որտեղ գները ֆիքսված կլինեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, գրում է Lenta.ru-ն:
Քաղաքական գործչի խոսքով՝ չունեւոր ռուսաստանցիների համար պետք է ստեղծվեն հատուկ խանութներ, որոնցում նրանք կարող են իջեցված գներով ապրանքներ գնել: Բացի այդ, ֆինանսական դժվարություններ ունեցող քաղաքացիներին կարելի է բռնագրաված մթերքներն անվճար բաժանել:
«Եկեք աղքատների համար խանութներ բացենք: Այնտեղ լինեն ֆիքսված գներ: Եկեք չոչնչացնենք մթերքները: Միլիոնավոր տոննա մթերք ենք ոչնչացնում: Եկեք այն անվճար տանք աղքատներին»,- հորդորել է Ժիրինովսկին:
Միեւնույն ժամանակ, նա քննադատել է պետության կողմից մնացած բոլոր դեպքերում գները կարգավորելու եւ սառեցնելու գաղափարը, քանի որ դա կհանգեցնի արտադրության կրճատմանը: «Մարդկությունն այս ամենը ապրել է: Որտեղ գները կարգավորում են, տնտեսությանը վերջ է դրվում»,- ընդգծել է ԼԴԿ առաջնորդը: Նա հիշեցրել է, որ ԽՍՀՄ-ում նման իրավիճակ էր նկատվում՝ գները «հաստատուն» էին, բայց ընտրությունը՝ քիչ:
Ապրիլին հաղորդվել էր, որ առեւտրի ոլորտն արդեն սկսել է հարմարվել ռուսաստանցիների եկամուտների նվազմանը՝ գործարկելով «աղքատների համար խանութներ» նախագծերը: