ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանել է մայիսի 19-ին ուժի մեջ մտած Համաներման մասին օրենքի կիրառման քայլերը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ըստ «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի, համաներումը կիրառելի է մայիսի 19-ի դրությամբ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի այն անձանց նկատմամբ, որոնք խուսափել են պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից և կասկածվում, մեղադրվում կամ դատապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով (միայն եթե նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարվել է ռազմական դրության ժամանակ) սահմանված՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու հանցանք կատարելու մեջ:
«Համաներման մասին օրենքի կիրառումը մեր հայրենակիցների համար առավել պատկերավոր և կանխատեսելի դարձնելու համար ստորև ներկայացնում ենք գործնական որոշ պարզաբանումներ.
- Եթե Դուք գտնվում եք հետախուզման մեջ, և Ձեր նկատմամբ ընտրված է կալանքի ձևով խափանման միջոց, ապա.
- անհրաժեշտ է մուտք գործել ՀՀ տարածք (2021թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ).
- մուտք գործելուց հետո կարճ ժամանակով վերցվելու եք արգելանքի և ներկայացվելու եք վարույթն իրականացնող մարմին.
- կարճ ժամկետում վարույթն իրականացնող մարմինը կլուծի Ձեր նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու հարցը, և, ըստ այդմ, Դուք հնարավորություն կունենաք ազատվել արգելանքից և գտնվել ազատության մեջ.
- Համաներման օրենքի պահանջներին համապատասխանելու դեպքում իրավասու մարմինը Ձեր նկատմամբ կկիրառի համաներումը:
- Եթե Դուք պատիժ եք կրում քրեակատարողական հիմնարկում, ապա Ձեր նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման հարցը լուծելու է ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետը:
- Եթե Դուք դատապարտվել եք ազատությունից զրկելու հետ չկապված պատժի (օրինակ՝ տուգանք) կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել եք, և Ձեր վարքագծի նկատմամբ իրականացվում է վերահսկողություն, ապա Ձեր նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման հարցը լուծելու է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունը:
- Եթե Ձեր վերաբերյալ գործը ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության կամ վերաքննիչ քրեական դատարանում է, սակայն մինչև Համաներման օրենքի ուժի մեջ մտնելը չի քննվել կամ քննվել է, բայց դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել, ապա Ձեր նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման հարցը լուծելու են համապատասխանաբար ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության և վերաքննիչ քրեական դատարանները:
- Եթե Ձեր հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է, ապա Ձեր նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման հարցը լուծելու է դատարանը` Ձեր վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդության հիման վրա:
- Եթե Ձեր գործով վճռաբեկ բողոքն ընդունվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարույթ, ապա Ձեր նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման հարցը լուծելու է ՀՀ վճռաբեկ դատարանը:
- Եթե Դուք ՀՀ դատարանների կողմից դատապարտվել եք, սակայն պատիժը կրում եք ՀՀ սահմաններից դուրս, ապա Ձեր նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման հարցը լուծելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը: