Այսօր Երեւանի Կենտրոնի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքից տուժած քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանը տարբեր վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: «Հայկական ժամանակի» հետ զրույցում նա հայտնեց, որ վնասվածքներ է ստացել ինչպես մարմնի տարբեր հատվածներում, այնպես էլ դեմքին ու գլխին:
«Մոտ 15 հոգով խփում էին, արդեն չէի հասկանում, թե ովքեր են ու ինչ է կատարվում: Բայց գլխավոր դերում Արմեն Ազիզյանն ու Արմեն Դավոյանն էին, մնացածն էլ կողքից աջակցում էին»,- պատմեց Մարգարյանը:
Բաժնի պետից հետաքրքրվեցինք, թե վիճաբանությունն ինչի՞ց է սկսվել: «Դե, ասում էին՝ կա՛մ դիմում գրի գնա, կա՛մ ազատի աշխատասենյակը: Ասացի, որ չեմ գնալու, բռնի ուժի դիմեցին, համակարգիչս ջարդեցին, իրերս էին դուրս հանում»- ասաց նա:
Քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետին առավել զայրացրել է նաեւ այն հանգամանքը, որ թաղապետարանի հարեւանությամբ գտնվող դատախազության աշխատակիցներն անտարբեր մոտեցում են ցուցաբերել խնդրին ու կատարվածին (Նշենք, որ թաղապետարանի շենքի նույն հարկում է գտնվում Կենտրոնի դատախազության տարածքային բաժինը -հեղ.): «Դատախազության քթի տակ էր այդ ամենը, իրենք եկան, տեսան, բայց ոչ մի բան: Ես չգիտեմ՝ ինչ երկիր է այսօր կառուցվում: Ականատես են, բայց ասում են՝ մեր լիազորությունների մեջ չի մտնում: Սա ուղղակի խուլիգանություն է: Երբեւէ չէի պատկերացնի, որ պետական կառույցում կարող են նման բան անել ու անպատիժ մնալ»,-ասաց Մարգարյանը:
Միջադեպի հետ կապված ՀՀ ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը «Հայկական ժամանակին» հայտնեց. «Ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կենտրոնի թաղապետարանում ծեծկռտուք է եղել։ Այս պահին դեպքի առթիվ Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում»: Հարցին, թե բերման ենթարկավածներ կա՞ն, Գաբրիելյանն ասաց. «Այս պահին՝ ոչ»:
Կատարվածի մասին «Հայկական ժամանակը» մեկնաբանություն խնդրեց նաեւ Երեւանի քաղաքապետարանից: «Եթե խոսում ենք մամուլում առկա տեղեկությունների մասին, այդտեղ կան առերեւույթ տվյալներ, որոնք մեզ ենթադրել են տալիս, որ գործը իրավապահ մարմինների քննության տիրույթում է: Այդ քննության որոշակի էտապներում կարվեն որոշակի հետեւություններ ու դրանից բխող համապատասխան քայլեր»,- ասաց քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ հավելելով՝ այս պահին բավարար տեղեկատվության չեն տիրապետում, որպեսզի կատարվածի վերաբերյալ գնահատական տան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: