00:00:00

Թուրքիայի իշխանությունները Հայոց ցեղասպանությանը հանցակից են դարձնում ժամանակակից Թուրքիան. Արգենտինայում ՀՀ դեսպան

Արդարացնելով Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը Թուրքիայի ներկա իշխանությունները հանցակից են դարձնում ժամանակակից Թուրքիան։ Այս մասին նշել է Արգենտինայում ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանը՝ այդ երկրի «Perfil» պարբերականում հրապարակած նամակում, որում անդրադարձել է հայերի հանդեպ Թուրքիայիև Ադրբեջանի քաղաքականությանը։ Ապրիլի 24-ին լրացավ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Արգենտինայում հիշողություն, արդարություն և ճշմարտություն գաղափարներն այնքան խորը արմատներ ունեն, որ յուրաքանչյուր արգենտինացի կամա թե ակամա այդ արժեքների կրողն է: Դա մեր ընդհանրությունն է: Այս համատեքստում, ցանկանում եմ առաջին հերթին երախտիքի խոսքս հղել Արգենտինայի իշխանությունների սկզբունքային դիրքորոշման համար, ինչպես նաև արգենտինական ԶԼՄ-ներին՝ այդ թվում «Perfil» -ին՝ թեմային անդրադառնալու և այն լայնորեն լուսաբանելու համար: Ցավոք, պետք է արձանագրենք, որ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին զուգահեռ մենք այսօր կրկին բախվում ենք ծայրահեղականության, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումների, մարդկային կյանքի և արժանապատվության ոտնահարման արհավիրքին: Վերոնշյալի ծայրահեղ դրսևորումը դարձան 2020թ․ սեպտեմբերի 27-ին՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ, այս անգամ՝ Արցախի հայության դեմ սանձազերծված ադրբեջանական ռազմական ագրեսիան, իրականացված պատերազմական հանցագործություններն ու վայրագությունները և դրանց հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամային իրավիճակը։ Մինչ օրս լիարժեք լուծում չեն ստացել ԼՂ հակամարտության համատեքստում հրատապ հասցեագրում պահանջող հարցեր, և առաջին հերթին՝ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձումը: Շարունակվում է նաև մշակութային ցեղասպանությունը… հայկական հետքերը տարածաշրջանից ամեն գնով ջնջելու և պատմությունը խեղաթյուրելու Թուրքիայի օրինակին ջանասիրաբար հետևում է Ադրբեջանը՝ սկզբում՝ Նախիջևանում, իսկ ներկայումս Արցախի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներում: Այսօր էլ շարունակվում է Թուրքիայի հայատյաց քաղաքականությունը: Ապաշխարելու փոխարեն Թուրքիայի ներկայիս իշխանությունները ժխտում են, մեղադրում և սպառնում: Արդարացնելով Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը Թուրքիայի ներկա իշխանությունները հանցակից են դարձնում ժամանակակից Թուրքիան: Ցեղասպանություն գործելու հայ ժողովրդին ուղղված արդարացումներն ու մեղադրանքներն, այս դեպքում՝ հենց ցեղասպանության զոհերին, այնքան անհիմն են, տրամաբանությունից, ժամանակից և մարդասիրական արժեհամակարգերից դուրս, որ դրանք մեկնաբանելը բացարձակ որևէ իմաստ չունի: Դրանք միայն առաջացնում են տարակուսանք և զայրույթ: Մի պահ պատկերացրեք՝ ներկայիս Գերմանիայի իշխանություններն արդարացնում են Ադոլֆ Հիտլերին և Հոլոքոստը… մեղմ ասած դժվար է պատկերացնել, չէ՞: Ցավոք, այսքան անիրական է ժամանակակից թուրքական իրականությունը: Տեղեկացա, որ Թուրքիայի դեսպանն է նաև ակտիվ կերպով լծվել իր երկրի ժխտողական քաղաքականության կեղծ թեզերի տարածման պրոպագանդիստական գործին այստեղ՝ Արգենտինայում, մի երկրում, որտեղ պատմական հիշողությունը, մարդու իրավունքներն անբեկանելի արժեքներ են: Կարող էի, իհարկե, նրան հիշեցնել, օրինակ, որ «ցեղասպանություն» եզրույթը սահմանվել է Ռաֆայել Լեմկինի կողմից հենց Հայոց ցեղասպանության օրինակի հիման վրա, հիշեցնել, որ ցեղասպանված հայերը հենց Օսմանյան կայսրության քաղաքացիներ էին և ոչ մեկ այլ թշնամական երկրի, հիշեցնել նույն Հիտլերի խոսքերը Հոլոքոստից առաջ, թե ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածները, կամ, օրինակ, նրանց փոխանցել այդ տարիներին Օսմանյան կայսրությունում աշխատած տարբեր երկրների մեր գործընկեր-դիվանագետների փաստավավերագրությունների բազմաթիվ արկղեր: Սակայն այդ ամենն, իհարկե, իմաստ չունի, քանի դեռ Թուրքիայի կենտրոնական իշխանությունները որդեգրել են ժխտողականությունը, հանցակցությունն ու իրականության մերժումը: Այդուհանդերձ, վստահ եմ, որ խնդիրն այն չէ, թե Թուրքիան կճանաչի, թե ոչ Հայոց ցեղասպանության փաստը և կընդունի իր մեղքը: Հարցը ընդամենն այն է, թե ե՛րբ է նա դա անելու: Թուրքիան չունի այլընտրանք, եթե ուզում է դառնալ մի երկիր, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և ժամանակակից արժեհամակարգերը: Ինչպես յուրաքանչյուր հայ, ես անուղղելի լավատես եմ և վստահ եմ, որ այդ օրը գալու է: Այսօր իսկ նկատելի են դրա հիմքերը. շատ են հենց թուրք մտավորականները, հասարակական և մշակութային գործիչները, որոնք, չնայած թուրքական պետության կողմից ճնշումներին և հարուցվող քրեական գործերին, իրենց մեջ ուժ են գտնում հանուն պատմական ճշմարտության վերականգնման պայքարելու: Ժամանակակից աշխարհում ստի վրա ազգային ինքնություն կառուցելը դատապարտված է անհաջողության և դա գիտակցում են բազմաթիվ թուրք մտավորականներ: Իսկ մինչ այդ, բոլորս, միասին պետք է անենք ամեն հնարավոր բան, աշխատենք համախմբված, որպեսզի բացառենք նման ողբերգությունների և արհավիրքների կրկնությունն աշխարհի որևէ կետում: Նման հանցագործությունների միջազգային ճանաչումը և դատապարտումն ունի կանխարգելիչ գործառույթ: Մարդկային կյանքն անգին է, իսկ դրա դեմ ոտնձգությունները չունեն որևէ արդարացում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր