00:00:00

Հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով` ստիպել է կնոջը ժավել խմել ու մեռնել

18:41, 01 մարտ 2018 Իրավական

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է հերթական ընտանեկան բռնության գործով մեղադրական դատավճիռը: Այսպես, 33-ամյա Դավիթ Մանվելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով՝ խոշտանգումը, և դատապարտվել 2 տարվա ազատազրկման: Միաժամանակ տվյալ գործով նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է մեկ այլ գործով կայացված դատավճռով Դավիթ Մանվելյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով 5 տարի 9 ամիս ժամկետով պատիժը և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 6 տարի ժամկետով: Դատավճռով իրեղեն ապացույց ճանաչված մեկ հատ ժավելի տարան պետք է հանձնվի տուժողի տնօրինությանը` դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Գործը հարուցվել է ոստիկանություն ներկայացված Մասիս քաղաքի բնակչուհու հաղորդման հիման վրա: Ըստ հաղորդման, 2017թվականի նոյեմբերի 8-ին ժամը 19:30-ի սահմաններում ամուսինը` Դավիթ Մանվելյանը, տուն է վերադարձել ալկոհոլի ազդեցության տակ, իրեն մտցրել է լոգարան, ստիպել է ժավել խմել: Սկզնապես տուժող կնոջ հաղորդման շուրջ նախապատրաստված նյութերով ոստիկանության տարածքային բաժնի տեսուչն որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով Դավիթ Մանվելյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Սակայն Արարատի մարզի դատախազի տեղակալը որոշում է կայացրել տեսուչի որոշումը վերացնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Ըստ առաջադրված մեղադրանքի, Դ.Մանվելյանը 2008 թվականից փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելով տուժողի հետ, 2016 թվականի դեկտեմբեր ամսից սկսած վերջինիս հետ գտնվելով անբարյացակամ հարաբերությունների մեջ, ալկոհոլի ազդեցության տակ պարբերաբար ծեծի է ենթարկել նրան՝ պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ: Դա շարունակական բնույթ է կրել, և հերթական անգամ, 2017 թվականի նոյեմբերի 8-ին՝ ժամը 21-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ, հանրակացարանի իրենց բնակարանում իր 4 անչափահաս երեխաների ներկայությամբ անհիմն մոտ 1 ժամ վիճաբանել է կնոջ հետ, քաշքշել նրա հագուստներից, հայհոյանքներ է տվել նրա հասցեին: Վիճաբանությունից ազատվելու նպատակով կինը ցանկացել է դուրս գալ տանից, սակայն Դ. Մանվելյանը, կանգնելով տան մուտքի դռան դիմաց, արգելել է կնոջը դուրս գալ տանից ու շարունակել է հակաիրավական վարքագիծը՝ կնոջ ձեռքից և հագուստից քաշելով, վերջինիս տարել է լոգարան և մատնացույց անելով ժավելի տարան, ծաղրանքի ենթարկելով, պահանջել է ժավել խմել և մեռնել ու իր երկարատև գործողություններով դիտավորությամբ կնոջը պատճառել է հոգեկան ուժեղ տառապանքներ: Դրա հետևանքով տուժողը փորձել է ժավել խմել՝ հոգեկան ուժեղ տառապանքներից ազատվելու համար, սակայն ժավելի տարան դատարկ է եղել, ինչից Դ. Մանվելյանը շարունակել է զվարճանալ ու ծաղրել է կնոջն՝ առաջարկելով ջուր լցնել տարայի մեջ և խմել ժավելի մնացորդի հետ: Կինը հոգեկան ուժեղ տառապանքներից ազատվելու այլընտրանք չունենալով, զանգահարել է մորը և խնդրել, որպեսզի վերջինս ահազանգի ոստիկանություն: Դատարանը հաստատված է համարել մեղադրանքում շարադրված հիշյալ փաստերը, ինչպես նաև այն, որ տուժողի մոր ոստիկանություն ահազանգելուց հետո դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցների միջամտության արդյունքում դադարել են կնոջ խոշտանգմանն ուղղված Դ.Մանվելյանի գործողությունները: ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում մեղադրյալ Դավիթ Մանվելյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել այն մասին, որ 2016 թվականի դեկտեմբեր ամսից սկսած հաճախ է վիճաբանել և ծեծի ենթարկել կնոջը, բայց վերջինս չի բողոքել, և ինքն ազատվել է պատասխանատվությունից: 2017 թվականի նոյեմբերի 8-ին՝ ժամը 21-ի սահմաններում ալկոհոլ օգտագործած վիճակում եկել է տուն և կնոջ ` հեռախոսով զանգելու հետ կապված երեխաների ներկայությամբ նորից վիճաբանել է կնոջ հետ, որի ժամանակ վերջինս հայտնվել է բորբոքված և հիստերիկ, հոգեպես անհավասարակշիռ վիճակում և հայտնել է, որ գնում է ժավել խմի: Նրան պատասխանել է, որ իր համար մեկ է, ինչ անի իրեն կանի: Դրանից հետո կինը վերցրել է ժավելի տարան, ցանկացել է խմել, սակայն տարան դատարկ է եղել: Այնուհետև իրենց տուն են եկել ոստիկանության աշխատակիցները և վիճաբանությունը դադարել է: Կատարածի համար զղջում է և եթե հարբած չլիներ` այդ քայլին չէր գնա, ասել է նա: Դատարանը հանգել է համոզման, որ ապացուցված է ամբաստանյալ Դավիթ Մանվելյանի մեղավորությունը 2017թվականի նոյեմբերի 08-ին ժամը 21-ի սահմաններում կնոջ հետ վիճաբանելու, նրան հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով` ժավել խմելուն ստիպելու արարքի կատարման մեջ, այն համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդված 1-ին մասի հատկանիշներին, ինչի համար ենթակա է պատժի:

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր