Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունն արդեն իրականություն է: Նիկոլ Փաշինյանի ղեկավարած համաժողովրդական շարժումը հաղթել է, և դե ֆակտո հաղթանակը պետք է դարձնել դե յուրե հաղթանակ:
ՀՀ ԱԺ ում ներգրավված չորս քաղաքական ուժերից 3-ը արդեն հայտարարել են ժողովրդի թեկնածուին սատարելու և նրան վարչապետ ընտրելու մասին: Մնացել է մեկ քաղաքական ուժ՝ իշխող ՀՀԿ-ն:
«Համայնք և իրավունք» հասարակական կազմակերպության և անձամբ իմ անունից, կոչ եմ անում իշխող ՀՀԿ-ին միաձայն կողմ քվեարկել ժողովրդի թեկնածուին և համազգային շարժուման հաղթանակն արձանագրել իրենց քվեներով:
20 տարի շարունակ ՀՀԿ-ի տարբեր ներկայացուցիչներ հայտարարել են, որ իրենք ոչ թե անձնական շահեր են հետապնդում, այլ պետական: Հենց հանուն մեր պետականության զարգացման ՀՀԿ-ն պարտավոր է ապացուցել, որ իրապես շարժվում է հանուն ժողովդրի և հանուն Հայաստանի Հանրապետության բարօրության:
Հրապարակում հավաքված հրաշալի բազմության ներուժն օգտագործելու, ելույթներն ու տարատեսակ հայտարարույթունները գործի վերածելու համար, հայ ժողովրդին հարկավոր է վստահություն: Բոլորիս համար էլ պարզ է, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր թիվ մեկ վստահելի գործիչը Նիկոլ Փաշինյանն է:
ՀՀԿ-ի հարգելի գործընկերներ, Դուք պարտավոր եք ժամ առաջ կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին և Ձեր ուժերի ներածին չափով օգնել նրան՝ Հայաստանում արդարությունը վերականգնելու, երկիրը զարգացնելու և շենացնելու գործում:
ՀՀԿ-ի՝ ընտրությունները տապալելը, կդիտարկվի որպես դավաճանություն սեփական ժողովդրին և պատմությունը հետագայում կտա իր գնահատականն ու վճիռը:
Վստահ ենք, որ վաղվա Ձեր ընտրությունից հետո՝ մայիսի 2-ին, հայ ժողովուրդն արթնանալու է ուրիշ՝ ազատ ու արդար Հայաստանում: Կեցցե այն Հայաստանը, որը մայիսի 2-ին է գալու:
Իրավապաշտպան Սամվել Մկրտչյան
«Համայնք և իրավունք» ՀԿ նախագահ