00:00:00

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, կարգավորման մթնոլորտ չեն ստեղծում. Փաշինյան

19:31, 30 ապրիլ 2018

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանն այսօր՝ ապրիլի 30-ին, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե որն է նրա տեսլականը Արցախի հարցում: «Որքա՞ն ժամանակ կպահանջվի, որ Դուք ողջ գործընթացի մեջ մտնեք: Այդ ամենի մեջ ներգրավվելու ի՞նչ մեթոդաբանություն եք պատկերացնում: Իսկ եթե որեւէ փոփոխություն նախատեսում եք, որո՞նք են դրանք»,- Փաշինյանին դիմեց ՀՀԿ-ական պատգամավորը: «Ելք»-ի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ակնհայտ  է՝ հարցի քննարկումը եւ բանակցությունները պետք է տեղավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: «Անհրաժեշտ է հարցին տիրապետել հնարավորինս կարճ ժամկետներում: Անձերի ճաշակները չէ, որ պետք է որոշեն քաղաքականությունը այս կամ այն ոլորտում: Անձերի դերակատարումը պետք է լինի հավասարակշռված, կան կայացած ինստիտուտներ, որոնք կարող են այդ հավասարակշռությունն ապահովել: Իհարկե, կարծում եմ, որ Հայաստանում այս հարցում կարծիքների շատ մեծ ապլիտուդ չկա: Ադրբեջանից հնչող հայտարարությունները, կարգավորման մթնոլորտ չեն ստեղծում: Մեզ համար պրոբլեմատիկ է բանակցել մեկի հետ, որը սպառնում է Հայաստանի այս կամ այն հատվածի նկատմամբ ագրեսիվ գործողություններ ձեռնարկել: Վերջին գլուխգործոցը Երեւանի նկատմամբ նկրտումների մասին հայտարարություններն էին: Պետք է միջնորդները հասկանան, որ ագրեսիվ հռետորության պայմաններում հնարավոր չէ կարգավորման հասնել»: Փաշինյանի կարծիքով, վերջին իրադարձությունները լրջորեն պետք է ամրացնեն Հայաստանի դիրքերը Արցախի հարցում, որովհետեւ ազգային զարթոնքը ուժեղացնելու է մեր դիրքերը, նպաստելու է մեր բանակի մարտունակության մեծացմանը: Նշենք, որ խորհրդարանում այժմ ընթանում է ՀՀԿ խմբակցության հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը բաց է լրատվամիջոցների համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր