00:00:00

Մամ ջան, լավ մնացեք․ 57 օր անց, զենքը կրծքին՝ այրված են գտել Մհերին, ով այսօր կդառնար 19 տարեկան

20:55, 10 ապրիլ 2021 Հասարակություն

Ծննդյան տորթի մոմերը Մհեր Գրիգորյանը փչել չի կարող, երազանք պահել՝ նույնպես։ Արցախյան 44- օրյա պատերազմը ընդմիշտ խլել է հերոսի երազանքներն ու անավարտ թողել կյանքը։ Այսօր Մհեր Գրիգորյանը կդառնար 19 տարեկան։ Անմահացած հերոսը Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքից էր։ Նպատակասլաց, բարի, հոգատար, ճշտապահ ու ընկերասեր։ Irakanum.am-ի հետ զրույցում մայրը որդու մասին խոսելիս նախ այս բնութագրերն է տալիս։ Նազիկ Գրիգորյանը հերոս որդու մասին անցյալով չի խոսում։ «Ինքը շատ մարդամոտ, ճշտապահ, ընկերասեր, ինքը պայքարող ու ձգտող տեսակ էր, նվիրվող, ինքը միակն էր»,- հուզմունքը խեղդելով ասում է մայրը։ Մհերն իր ավագ որդին էր, քույրը՝ 17 տարեկան է։ «Երեք ամսվա ծառայող էր։ Հուլիսի 7-ին զորակոչվել է բանակ։ Քառասուն օր եղել է Մարտունի երկուսում՝ կարանտին։ Մինչև տեղափոխելը հիմնական ծառայության միշտ ասում էին, էս ինչ տղա է, ուղղակի ապշում ես, էնքան հասուն ու կայացած է։ Զանգում էին երեխեքն ասում էին, տիկին Նազիկ էս ինչ է Մհերը, նենցա քայլում, ոնց որ հեսա պետք է զորացրվի՝ գնա տուն»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Նազիկը։ Մինչ բանակ զորակոչվելը Մհերը սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում, որտեղ ևս ցուցաբերել է լավագույն արդյունքը։ Ավարտելուց հետո որոշել է շարունակել կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատությունում։ Անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է, ցանկացել է միջազգային հարաբերություններ բաժնում սովորել։ Մայրը ցավով է նշում, որ որդին ընտանեկան դժբախտության պատճառով միասնական քննություններին մասնակցել չի կարողանում։ «Ասում էի՝ Մհեր ջան, գնա, ասում էր չէ մամա ես չեմ կարող ամբողջ հոգսը թողնել քո վրա, պապան էս վիճակում է, չգնաց երեխես։ Հետո գնացինք, էնտեղից ասեցին, որ ուշ է, պարտադիր միասնական քննություններին պետք է մասնակցած լիներ»,- ասաց Նազիկ Գրիգորյանը։ Ծառայությունից Մհերը երբեք չի դժգոհել, ծնողների հետ պարբերաբար խոսել է։ «Սեպտեմբերի 26-ին՝ պատերազմի մեկնարկից մեկ օր առաջ ենք խոսել, շատ բարձր տրամադրություն ուներ, ինքը ստեղ դոսաֆում էր սովորում, պռավեն հանել էր, ու իրան պապան խոսք էր տվել՝ տղես բանակից գաս, աշխարհն էլ շուռ գա, ես քո ուզած ավտոն կառնեմ՝ կնվիրեմ»,- պատմեց մայրը։ Մհերը BMW-ի սիրահար էր։ Մայրն էլ որոշել էր բանկային քարտ հանել, յուրաքանչյուր ամիս իր աշխատավարձից գումար պահեր, որպեսզի երկու տարի անց, երբ Մհերը զորացրվի և տուն վերադառնա՝ գնեն որդու սիրած ավտոմեքենան։ «Հոկտեմբերի 10-ին զանգեց ահավոր անտրամադիր էր, չէր կարող խոսալ, բայց ինքը ոչ մի բան չէր ասում։ Պատերազմի երրորդ օրն էր զանգել, ես արդեն մեռած էի, թաղած չէի։ էդ ժամանակ ասեց մամա մենք շատ հեռու ենք, ընդհանրապես կապ չունենք, մեզ հետ են տարել, բայց ինքն ինձ խափում էր, իրանք առաջնագծում են եղել, իրան նշանակել էին հրետանավոր՝ վարորդից հրետանավոր»,- ասաց մայրը։ Այդ ընթացքում էլ է խոսել որդու հետ։ Ամեն անգամ երբ կրակոցի, արկի պայթյունի ձայն է լսել, մայրական սիրտը վկայել է՝ տղան առաջնագծում է։ Բայց Մհեր Գրիգորյանը ծնողներին հանգստացրել է, ասելով՝ բավականին հեռու են գտնվում։ «Էդ գմփոցները լսում եմ, ասում եմ բալես էս ինչ ձեն է, ասում է՝ մամ տղեքի ձեռից է բան ընկնում, թեման փակի»,- ասաց մայրը։ Բայց որդու ծառայակից ընկերներից մայրն իմացել էր, որ որդին առաջնագծում է։ Վերջին զրույցը մոր և որդու հետ կայացել է հոկտեմբերի 10-ին։ Նույն օրն էլ Մհեր Գրիգորյանը զոհվում է։ Մայրը հիշում է՝ այդ օրը որդին շատ տխուր է եղել, կարծես հրաժեշտ է տվել։ «Երբեք նման բառ չէր ասել ինձ․․․ մամ ջան լավ մնացեք։ Ասում էի Մհեր ջան, էս ինչ ես ասում, ասում էր դե մամ երբ, որ հարմար լինի՝ կզանգեմ»,- արցունքն աչքերին պատմում է մայրը։ Զոհվելուց մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 9-ին Մհերն ու ընկերները թշնամու շարասյունն էին ոչնչացրել, մայրն անհանգիստ էր, բա որ տղաների գտնվելու վայրը տեղորաշած լինեին։ Մայրական սիրտը չէր սխալվել։ «Ամսի 9-ին, երբ որ պաշտոնապես զինադադար էր հայտարարվել, ամսի 10-ին երեխես զոհվում է։ Չթույլատրվող սնարյադներ են եղել մեքենայի մեջ, չորս հոգի՝ նստած։ Երկուսը վիրավորվել են, մյուսներն ամբողջությամբ այրվել։ Չեն կարողացել մոտենալ՝ հանել։ Հաջորդ օրը նոր հանել են երեխեքին, ասում են զենքերը վրեն այրված են եղել։ 57 օր հետո նոր երեխուն գտել ենք․․․ դեկտեմբերի 6-ին երեխուս հուղարկավորությունն է եղել»,- նշեց մայրը։ Մհեր Գրիգորյանին հուղարկավորել են Արմավիրի մարզի Պտղունք համայնքում՝ ընտանեկան գերազմանատանը։ Այսօր Մհեր Գրիգորյանը կդառնար 19 տարեկան։ Առաջին անգամ նրա ծննդյան օրը կնշեն առանց Մհերի, առանց ժպտերես, բարի ու ընկերասեր Մհերի։ «Ինքը անկյուն ունի տանը, իմ սրբատեղին է․․ ու առաջին անգամ ես նշում եմ առանց իրա ներկայության, թեպետ ինքն իմ հետ է, իմ սրտում է, իմ կողքն է, ամեն վարկյան»,- արցունքն աչքերին նշում է տիկին Նազիկը։ Որդուն երազում է տեսել՝ Մհերը սպիտակ վերնաշապիկով էր։ «Եկել էր՝ փաթաթվել էի, հոտն էի քաշում, ընկել էի ոտերը, բարձրացրել ասում էր, մամ ջան ինչի ես լացում, ես քո հետ եմ տեղ չեմ գնացել, մամ ջան․․․․․»։ Մայրն ասում էր, որ որեւէ նշանակություն չունի, որ որդին ֆիզիկապես չկա, նա միշտ ապրելու է իր սրտում, որքան այն կբաբախի․․․։ Իր միակ եղբոր ծննդյան տորթը քույրն է պատվիրել։ Ընտանիքի անդամները, Մհերի հարազատներն ու ընկերները նրա ծննդյան օրը գնացել են 19-ամյա տղայի շիրիմին, ուր մշտապես թարմ ծաղիկներ են դրված։ Դրանց կողքին կավելանա նաեւ Մհերի ծննդյան տորթը․․․․։ Հավերժ փառք, հերոս քաջորդի․․․․։ Փայլակ Ֆահրադյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր