00:00:00

Վիգեն Սարգսյանը եւ Մովսես Հակոբյանը հետեւել են կրակային զորավարժության ընթացքին

18:19, 29 ապրիլ 2018

Ապրիլի 28-ին ՀՀ զինված ուժերի հրթիռահրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է կրակային զորավարժություն, որի ընթացքին հետեւել են ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության եւ գործողությունների համադրման շրջանակում զորավարժության կրակային փուլին ներկա էր նաեւ Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը: Զորավարժության նպատակն էր փորձարկել սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արդիականացման ծրագրի շրջանակում ձեռք բերված ռազմատեխնիկական նոր, գերժամանակակից միջոցների հնարավորությունները, կատարելագործել անձնակազմի մարտավարամասնագիտական հմտություններն ու գործնական ունակությունները՝ առաջադրված ուսումնամարտական խնդիրները ժամանակին եւ գերազանց կատարելու համար: Զորավարժության ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ զինանոցի համալրման աշխատանքները շարունակական բնույթ են կրելու, նպաստելով հայկական զինուժի առավել արդիանացմանը: 4-րդ բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հանդիպել է սպայակազմի հետ, անդրադարձել վերջին օրերին հանրապետությունում ծավալվող ներքաղաքական իրադարձություններին: Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ Երեւանում եւ մարզերում տեղի ունեցող զանգվածային միջոցառումները կարող են բացասական ազդեցություն ունենալ պաշտպանական գործընթացների, մասնավորապես՝ զորահավաքային խնդիրների կատարման վրա։ Ըստ Վիգեն Սարգսյանի՝ ներքին անկայունությունը կարող է լրջորեն ազդել նաեւ սահմանային իրադրության վրա, ինչի նախանշաններն արդեն նկատվում են: Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը սպաներին հորդորել է լինել առավել զգոն եւ հետեւողական՝ իրենց առջեւ դրված խնդիրների կատարման եւ ծառայության կազմակերպման հարցերում՝ խիստ ուշադրություն կենտրոնում պահելով զինաձնակազմի շրջանում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը, կարգապահությունը եւ կանոնադրային հարաբերությունները: Այնուհետեւ Վիգեն Սարգսյանը եւ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ այցելել են Սիսիան քաղաքի պանթեոն, ծաղիկներ խոնարհել եւ հարգանքի տուրք մատուցել հայրենիքի սահմանները պաշտպանելիս հերոսաբար զոհված հայորդիների հիշատակին: Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել նաեւ Զանգեզուրի կայազորային հոսպիտալում։ Քննարկվել են քաղաքացիական որոշ հիվանդանոցների եւ զինվորական հոսպիտալների միավորման, բուժսպասարկման որակի բարելավման հարցերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր