00:00:00

Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը. ՄԻՊ

15:37, 29 ապրիլ 2018

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական ցանցերի շարունակվող մշտադիտարկումը վկայում է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում ատելության խոսքն ու անհանդուրժողականությունն աճի միտում են դրսեւորում։ Հատկապես մտահոգիչ է սոցիալական ցանցերում հասարակության տարբեր խմբերի բաժանման ու հակադրման միտումը: Ընդ որում, ընդդիմախոսների կարծիքը հաճախ ընդհանրապես չի հանդուրժվում, իսկ հակադարձումները հաճախ մարդու արժանապատվությունը նվաստացնող են, ընդհուպ՝ ատելություն քարոզող, իսկ առանձին դեպքերում՝ կոնկրետ անձանց դեմ նույնիսկ թշնամանք հրահրող: Սրանք հասարակությունում լարվածության աճին ակնհայտորեն նպաստող գործոններ են: Մտահոգությունն էլ ավելի է աճում, եթե հաշվի առնենք, որ վերջին օրերին շեշտակիորեն աճել է մարդկանց ներգրավվածությունը սոցիալական ցանցերում ծավալվող քննարկումներին, իսկ զանգվածային հավաքներն ու երթերը դեռ շարունակվում են: Մարդու իրավունքների երաշխավորման տեսանկյունից ցանկացած պարագայում կարեւոր է մարդկային արժանապատվության ու անձնական կյանքի գաղտնիության լիարժեք պաշտպանությունը: Այս առումով, մտահոգիչ է, օրինակ, Ազգային ժողովի պատգամավորների անձնական կյանքին վերաբերող տվյալների, այդ թվում՝ անձնական հեռախոսահամարների խմբային հրապարակումները: Դիտարկումը վկայում է, որ սոցիալական մեդիայի այն տիրույթներում, որոնցում հրապարակվել են այդ հեռախոսահամարները, ակնհայտ է ծաղրանքը, վիրավորանքն ու ատելության խոսքը: Ակնհայտ է, որ սա անհանդուրժողական մթնոլորտի խորացմանը նպաստող գործոն է։ Ավելին, սա կարող է ստեղծել հանրային գործիչների անձնական տվյալների չսանկցավորված տարածման միջոցով հոգեբանական ներգործության վտանգավոր նախադեպ։ Այս բարդ իրավիճակում չափազանց կարեւոր է զանգվածային լրատվամիջոցների դերը: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր լրատվամիջոցներին հորդորում է անհապաղ հեռացնել անհանդուրժողականություն կամ ատելություն քարոզող կամ բռնության կոչ պարունակող ցանկացած մեկնաբանություն՝ անկախ նրանից դրանք արվում են առերեւույթ կեղծ, թե իրական օգտատիրոջ կողմից: Հորդորում ենք նաեւ ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածվող լուրերի ստուգվածությանը, ինչպես նաեւ վերնագրերի ընտրությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր