00:00:00

Այո, Հայաստանը ձախողված պետություն է. Հետևաբար ի՞նչ է մեզ սպասվում. Հովհաննես Ավետիսյան

12:01, 01 ապրիլ 2021

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անվտանգություն
Ցանկացած պետության գոյության հիմնական նպատակը որոշակի առանձնահատկություններով մեկտեղված մարդկանց անվտանգության երաշխիքների տրամադրումն է:
Ի՞նչ ասել է անվտանգություն: Թվարկեմ: 1. Ֆիզիկական անվտանգություն: 2. Պարենային անվտանգություն: 3. Առողջապահական անվտանգություն: 4. Շրջակա միջավայրի անվտանգություն: 5. Սոցիալական անվտանգություն: 6. Էներգետիկ և այլն անվտանգություն: Այս ամենի բացակայության դեպքում որևէ պետության գոյություն ինքնանպատակ է և դա կդադարի: Վերոնշյալների տրամադրումը հանրությանը երաշխավորվում է արդարդատության համակարգով և պետական այլ ինստիտուտներով: Երբ նաև զուգորդվում է պետության կողմից երաշխավորված որակյալ կրթական համակարգի գոյությամբ, ապա տվյալ հանրությունը ապահով, բարեկեցիկ և ստեղծարար աշխատանքով ապրելու հնարավորություն է ստանում: Հայաստանում, անկախությունից ի վեր, անվտանգային մի շարք բաղադրիչներ պետության կողմից ձախողվել են: Մինչև հիմա վստահ չենք մեր գնած սննդի որակյալ լինելու մեջ: Առողջապահական համակարգը ոչ բոլորին է հասանելի և մատչելի, իսկ միջին վիճակագրական առումով անորակ է: Շրջակա միջավայրից բխող վտանգները կառավարելի չեն: Սոցիալական անվտանգության առումով՝ երեխաներ, ծերեր, խոցելի խմբեր, չունեն պետության բավարար ուշադրությունն ու հոգածությունը:
Սրան, երբ գումարում ենք արդարադատության համակարգի կիսամեռ վիճակը և կրթական անորակ համակարգը, մենք ունենում ենք այն պատկերը, որը եղել է մինչև օրս՝ քվեարկություն ոտքով: Քաղաքացին լքել է երկիրը և շարունակում է անել: Կթվա, թե սա արդեն վերջն էր: Սակայն ներկա իշխանությունը՝ իր ապիկարությամբ և ապաշնորհությամբ (դավաճանության լեգիտիմ վարկածը այս տեքստում չեմ քննարկում), եղածին ավելացրեց ևս մեկը՝ ֆիզիկական անվտանգություն: Ավելի շուտ, անվտանգության երաշխավորի պետության դերակատարումից վերացրեց ֆիզիկական անվտանգության կոմպոնենտը: Առաջ, եթե մարդը մտածելու բան ուներ երկիրը լքելուց առաջ, հիմա արդեն չկա այդ երկմտանքը: Եթե ձեր անձնագրերը զննել եք, նշածս երաշխիքի մասին գրված է նաև այնտեղ, սակայն այդ անձնագիրը կրող տասնյակ հայրենակիցներ՝ զինադադարի ստորագրված համաձայնագրի պարագայում էլ շարունակում են մնալ գերության մեջ: Պետությունը չի կատարում իր անվտանգության երաշխավորի գործառույթը: Պետությունը դադար է առել:
Այո Հայաստանը ձախողված պետություն է: Նույնիսկ, եթե դու հաջողակ ես քո գործում, դու չես կարող վստահ լինել, որ վաղը քեզանից չեն խլելու քո հաջողությունները, քո ունեցվածքը, քո ընտանիքը, քո առողջությունն ու քո կյանքը: Ի՞նչ պետք է անել: Պետք է պետություն կառուցել: Կա՞ն նման խմբեր, որոնք կարող են պատասխանատվություն ստանձնել և սկսել հետզհետե վերականգնել անվտանգության երաշխավորի պետության դերակատարումը՝ վերևում թվարկված բոլոր կետերով: Քանզի բոլորն էլ կարևոր են: Չկան նման խմբեր: Բա ինչու՞ չկան: Չկան, որովհետև դաշտը մնացել է ապիկարներին, կարողները կամ լուռ են կամ էլ շատ «զբաղված», իսկ միավորվելու և պետության համար գիտակցված պատասխանատվություն ստանձնելու համար առնվազն քննարկումներ են պետք նշածս ուղղություններով, դրանց շուրջ միասնական դիրքորոշում և գործողությունների ծրագիր է պետք: Հավաստիացնում եմ, որ երկրում չկա որևէ խմբակ, որ ունի սա: Հետևաբար ի՞նչ է մեզ սպասվում: Սպասումները մեծ չեն, քանզի հանրային ընկալումներում էլ չկա գիտակցություն առ այն, թե իրականում ինչն է պակասում մեզ, ինչի պետություն չենք դառնում, ինչու վերջնականապես ձախողեցինք: Վերջինիս մեջ, եթե մեղավորներ փնտրեք, ապա դա անգրագետ և տգետ մեդիա դաշտն է առաջին հերթին, առավելապես՝ հանրային հեռուստաընկերությունը: Սա եղել և մնում է գործիք օրվա իշխանության ճղճիմ շահերի սպասարկման, այլ ոչ հարթակ՝ հանրային գերկարևոր խնդիրների քննարկման և իրազեկման, հանրային գիտակցության բարձրացման: Բա ի՞նչ են անում այդքան նոր ստեղծվով կուսակցությունները: Փորձեք անվտանգության նշածս որևէ ուղղությամբ նրանց ներկայացուցիչների հետ քննարկում բացել ու դուք կհասկանաք, որ ներկա ու սպասվելիք աղետալի վիճակները պատահականություն չեն: Այսինքն այս կուսակցությունների, և՛ հների, և՛ նորերի, գերակշիռ մասը ապիկարներ են, իսկ վատագույն դեպքում ստախոս սրիկաներ: Լուծումներ չգիտեմ, իմ իմացած լուծումները չեն գործում՝ մարդիկ ի վիճակի չեն համատեղվել, գիտակցել վիճակի լրջությունը, սեփական կարճաժամկետ շահերը կողմ դնել և խմբով գիտակցված պատասխանատվություն ստանձնել պետության համար: Կներեք, որ լավատեսական սպասումներ չեմ գրում: Ուղղակի չեմ տեսնում այդպիսիք, իսկ ստել, գիտեք, որ չեմ կարող: հ.գ.Առողջ եղեք: Ես կովիդից դեռ չեմ ապաքինվել, ծանր նստեց վրաս ու դեռ շարունակվում է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր