Վաղը՝ ժամը 12:00-ից, ՀՀ ողջ տարածքով և Երևանում վերսկսվում են քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները: Վանաձորում հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց «Իմ Քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Այս գործողությունները տեղի են ունենում մեկ պահանջով` ժողովրդի թեկնածուն պետք է ընտրվի ՀՀ վարչապետ», - ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք:
Ինչ վերաբերում է ոստիկանության՝ այսօր տարածած հայտարարությանը, Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Ես հույս ունեմ, որ այդ պարբերությունը չի գրվել ոստիկանությանը ոչ խելամիտ քայլերի մղելու համար: Եթե Երեւանի որեւէ հատվածում փշալարեր, հատուկ տեխնիկա երեւա, դա մեր կողմից կարժանանա խիստ եւ բացասական գնահատականի: Երեւանում փշալարեր, ջրցաններ, վահաններ չպետք է լինեն: Պետք է լինեն ոստիկաններ, որոնք պետք է ապահովեն մեր ակցիաների անվտանգությունը»,-հայտարարեց նա:
Փաշինյանը նշեց, որ այս պահից սկսած Հայաստանում չկան ու չեն լինելու բարիկադներ. «Հետեւաբար, բարիկադների բացակայությունը մեզ ոստիկանությանը, ԱԱԾ-ին դնում են նույն կողմում: Մենք նույն կողմում ենք, մենք դեմ դիմաց չենք կանգնած»:
Նշենք, որ ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: