00:00:00

Մեղադրանք այլևս գոյություն չունի, այս պայմաններում մեղադրանքի փոփոխման մասին խոսելն ավելորդ է. Դավիթ Գրիգորյան

16:38, 30 մարտ 2021 Քաղաքականություն

Ես համոզված էի, որ ՍԴ-ն կայացնելու է օբյեկտիվ դատական ակտ, քանի որ իմ կողմից դիմումում կոնկրետ հարց էր բարձրացվել որոշակիության հետ կապված։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց դատավոր Դավիթ Գրիգորյանն՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը, որով Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչվեց։
Հիշեցնենք, որ հենց այս դատավորը 2019թ․ մայիսի 18-ին կասեցրեց Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի քննությունը և դիմեց Սահմանադրական դատարան։ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, իսկ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ օրեր անց քրեական գործ հարուցվեց՝ մեկ այլ գործով պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով։ Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող բոլոր գործերը համակարգչային ծրագրի միջոցով վերաբաշխվեցին այլ դատավորների։
«Եթե հիշում եք՝ ՄԻԵԴ-ը և Վենետիկի հանձնաժողովը համապատասխան իրենց եզրակացություններում նշել էին, որ 300.1 հոդվածը որոշակիության հետ կապված խնդիր ունի։ Անգամ նշել էին, որ դա երևի թե պայմանավորված է թարգմանության հետ։ Կարծում եմ, այդ պայմաններում սպասելի էր բոլորի համար, ովքեր օբյեկտիվ դատական ակտի էին սպասում, իսկ որ ՍԴ-ն օբյեկտիվ դատական ակտ է կայանելու որևէ կասկած չկա»։ Անդրադառնալով մեղադրանքի վերաորակման հնարավորությանը՝ նա նշեց, որ մեղադրանքը վերաորակում են, երբ մեղադրանքը առկա է, քրեական դատավարության 309.1 հոդվածի սահմանված հիմքով։ «Բայց այս դեպքում, երբ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական՝ դա նշանակում է, որ տվյալ պայմաններում մեղադրանք գոյություն չունի, իսկ եթե մեղադրանք գոյություն չունի՝ վերաորակման մասին խոսելն ավելորդ է։ Պատկերացրեք, որ հիմա ինչ-որ մեկին մեղադրեն չգործող հոդվածներից մեկով հետո փորձեն այդ մեղադրանքը վերաորակել։ Եթե չգործող հոդվածով մեղադրանք են առաջադրում, դա չեղա՞վ, որ այդ մեղադրանքի համար հոդված գոյություն չունի։ Դրանք փոխկապակցված են միմյանց հետ։ Անձին պետք է Քրեական օրենսգրի համապատասխան հոդվածով մեղադրանք առաջադրվի։ Եթե այդ հոդվածը գոյություն չունի, ուրեմն մեղադրանք էլ չի կարող գոյություն ունենալ։ Այս պայմաններում մեղադրանքի փոփոխման մասին խոսելն ավելորդ է, որովհետև մեղադրանք այլևս գոյություն չունի, որովհետև մեղադրանքի հիմքում ընկած քրեական օրենսգրքի հոդվածը գոյություն չունի»։
Նա հրաժարվեց պատասխանել հարցին, թե ինչ է կարծում, ի՞նչ պետք է անի դատավոր Դանիբեկյանը՝ արդյոք պետք է կարճի գործը։ «Այդ հարցին ես չեմ պատասխանի, որովհետև կստացվի, որ ես անուղղակիորեն միջամտելու եմ այսօր մեկ այլ դատավարի վարույթում գտնվող քրեական գործին»։
Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ օրինական ուժի մեջ մնաց դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու մասին դատավոր Դավիթ Բալայանի կողմից կայացված որոշումը։ Վերաքննիչ դատարանը մերժել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։ Դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները դեռ կասեցված են։ «Ես դեռ դատավորի պաշտոնում եմ, պարզապես գործեր չեմ քննում, քանի որ դատախազությունը Վճռաբեկ բողոք է բերվել, քանի դեռ Վճռաբեկը գործով որոշում չի կայացրել, չի որոշել վարույթ կընդունի, թե ոչ։ Եթե կընդունի, ապա իմ լիազորությունները կմնան կասեցված»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր