00:00:00

Ինչպե՞ս մեկ օրվա կուսակցականից, այն էլ՝ վարչապետ, դարձար ՀՀԿ համարյա առաջնորդ․ հորդոր Կարեն Կարապետյանին

14:12, 28 ապրիլ 2018

Հ Ո Ր Դ Ո Ր

Ժողովրդի դեմ ելած Կարեն Վիլհելմովիչին

    Հարգելի Կարեն,

Հավատա, որ մտահոգված եմ քո ընտրած այսօրվա ազգակործան ճանապարհով և  նորից եմ հորդորում՝ մի՛ տրվի սերժ-քոչարյան զույգի գայթակղություններին: Մտահոգված եմ  նաև, որ Սամվել Կարապետյան և Ռուբեն Վարդանյան մեծահարուստները քեզ լավ խորհուրդներ չեն տալիս: Կամ, մի՞թե դու չես հասկանում Սերժ Սարգսյանի հրաժարականի   խորամանկությունը: Ափսոս չե՞ս: Աստված մի արարցե, եթե այս օրերին մի ողբերգություն պատահի մեր ժողովրդի հետ, ո՞վ է պատասխան տալու: Իհարկե, Դու՛, իսկ քեզ այդ բզբզողներն անհետանալու են: Բա ասում ես փորձ ունես  ինչ որ «առարկայական և լեզվական տիրույթներում»:     Բանը հասել է նրան, որ  տրամաբանությանն ու իրականությանը չհամապատասխանող մտքեր  ես արտահայտում: Օրինակ, ո՞վ կհավատա, որ դու չես հասկանում, թե ի՞նչ է նշանակում Սահմանադրությամբ ամրագած ժողովրդի իշխանություն, որին այսօր տեր է կանգնում թավշյա հեղափոխություն իրականացրած Հայաստանը, որով հիացած է ողջ հայ ժողովուրդը: Դա կարող են չհասկանալ միայն կոստանյանները, որոնք, ըստ քո բառապաշարի,  ուշ են «ռեստարտ» լինում:    Կամ, իրոք չե՞ս հասկանում, թե ինչու՞ է Նիկոլը Վարչապետի պաշտոնում իր  թեկնածությունն համարում միակը, այսինքն, ինչու՞ է պաշտպանում 95%-ից ավելի հայաստանցու կարծիքը: Իսկ եթե իրոք չես հասկանում կամ  հավատում, ապա մտի՛ գոնե մի փոքրիկ, շա՜տ փոքրիկ գյուղ  և գտի քո երազած «մեկ այլ տեղում հավաքված մեր ժողովրդին» և տուր այլ անուն, օրինակ քո անունը: Տղամարդ ես, մի փորձի քեզ միամտի տեղ դնել:     Հիմա բարոյականության մասին: Նիկոլի շնորհիվ դու պատահականորեն հայտնվել ես պետության ժամանակավոր ղեկավարի  աթոռին և հիմա ուզում ես տիրանալ նրան: Փոքր երեխան անամ գիտի, թե դա ինչպես է կոչվում, սակայն դու միշտ դա շրջանցում ես: Ավելին, այդ «հաջողություն»-ից այնքան ես ոգևորվել, որ ազգի ճակատագրին վերաբերող բանակցությունները համեմատում ես առևտրական կամ քո շահին վերաբերող հաղթական «բանակցությունների» հետ: 1990թ.-ին մի անգամ էլ ինձ հետ որոշեցիր բանակցել պաշտոն  ստանալու ակնկալիքով և, եթե հիշում ես դա հաղթական չավարտվեց  քո համար: Եվ դեռ ուզում ես համեմատվել Նիկոլի հետ, որն առանց «պապայի և մամայի» է կերտում  հայաստանցու և իր ապագան: Համոզված եմ նաև, որ ծնողներդ քեզ դաստիարակել են հայրենասիրության և հայասիրության ոգով, սակայն դու այս ի՞նչ ես անում: Կամ քեզ իրոք թվում է, որ դու մեզանից  ավելի պետականասեր ես  կամ  օրինապա՞հ: Թե՞ կարծում ես չենք հասկացել, որ դավաճանությամբ էլ կարելի է փող աշխատել:     Խոսում ես քո կերտած ծրագրերի մասին, այն ծրագրերի, որոնց պատճառով  հայաստանցին այսօր հայտնվել է փողոցում և ցանկանում է, որ Նիկոլը դառնա Վարչապետ: Մի՞թե քեզ թվում է, որ նրանք ծանոթ չեն Նիկոլ Փաշինյանի ելույթներին Ազգային Ժողովում, որոնք բոլորն էլ ծրագրային են  հասարակական կյանքի  գրեթե բոլոր բնագավառներում: Կամ դժգոհում ես քաղաքական դաշտի մոնոպոլիայից, իսկ ավելի լավ չի լինի, որ այդ իմաստով, բացատրես, թե ինչպե՞ս  մեկ օրվա կուսակցականից, այն էլ՝ վարչապետ, դարձար  ՀՀԿ համարյա առաջնորդ: Կամ հետաքրքիր է և հասկանալի, որ չես խոսում պետական պաշտոններում աշխատած ժամանակահատվածում կուտակած հարստության մասին՝ այ այստեղ դու ահավոր հաղթում ես Նիկոլին:
    Այնպես որ, մեկ անգամ ևս, հորդորում եմ հեռանալ այդ ազգակործան ճանապարհից և կազմակերպել ժողովրդի կողմից առաջարկված վարչապետի թեկնածուի ընտրությունը: Քո գործը միայն դա է  այսօր՝ ՀԱՍ-ԿԱ-ՑԻ՛: 
 
Հարգանքներով՝
ՀՀ Գերագույն Խորհրդի Նախագահության անդամ
Ռուբեն Թորոսյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր