Հյուսիսային Կորեան, հնարավոր է, «մոտ ապագայում» սկսի բարելավված կառուցվածքով իր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների թռիչքային փորձարկումները, ասել է ԱՄՆ Հյուսիսային հրամատարության ղեկավար, ՌՕՈՒ գեներալ Գլեն Վան Հերքը, փոխանցում է Reuters-ը:
Վան Հերքը Սենատի զինված ուժերի հարցերի կոմիտեին հայտնել է, որ Փհենյանի «զգալիորեն ավելի խոշոր եւ, հավանաբար, ավելի մարտունակ» միջմայրացամաքային բալիստիկ հրթիռն ավելի է մեծացրել Միացյալ Նահանգների համար սպառնալիքը: Նա, այդուհանդերձ, վստահություն է հայտնել ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ:
ԱՄՆ գեներալը նաեւ նշել է, որ Հյուսիսային Կորեան ավելի քան մեկ տարի առաջ իրեն ազատել է փորձարկումների մորատորիումից: «Հյուսիսկորեական ռեժիմը նաեւ նշել է, որ այլեւս կախված չէ միջուկային փորձարկումնների եւ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկումների միակողմանի մորատորիումից, որը հայտարարվել էր 2018 թվականին, եւ ենթադրվում է, որ Կիմ Չեն Ընը կարող է կատարելագործված կառուցվածքով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների թռիչքային փորձարկումները սկսել մոտ ապագայում»,- ասել է Վան Հերքը:
Սպիտակ տունը հաստատել է, որ փորձել է կապ հաստատել Հյուսիսային Կորեայի հետ, բայց պատասխան չի ստացել, ինչը խորացրել է հարաբերություններում սառնությունը, որ սկսվել էր Դոնալդ Թրամփի կառավարման վերջին: