00:00:00

Ամերիկացի սենատորները պահանջում են Նյու Յորքի նահանգապետի հրաժարականը

13:16, 13 մարտ 2021 Աշխարհ

ԱՄՆ Կոնգրեսում Նյու Յորքից ընտրված երկու սենատոր Չաք Շումերն ու Քրիստեն Ջիլիբրանդը Կոնգրեսի մի շարք այլ անդամների հետ դիմել են Նյու Յորքի նահանգապաետ Էնդրյու Կուոմոյին` կոչ անելով հրաժարական տալ: Ինչպես հայտնում է The Guardian-ը, նահանգապետը մեղադրվում է երեք կնոջ նկատմամբ սեռական բնույթի ոտնձգությունների իրագործման համար, սակայն հերքում է բոլոր մեղադրանքները: Պարբերականը մանրամասնում է, որ հրաժարականի կոչին են միացել ԱՄՆ Կոնգրեսի բազմաթիվ բարձրաստիճան ներկայացուցիչներ: Սակայն Կուոմոյին ուղղված կոչը պայմանավորված է ոչ միայն սեռական բնույթի մեղադրանքերով, այլև նրա վարչակազմի`կորոնավիրուսային համավարակի ընթացքում Նյու Յորքի  ծերանոցներում զոհերի իրական թիվը թաքցնելու կասկածներով: Ինչպես նախօրեին հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Օրենսդիր ժողովի ստորին պալատի պրոֆիլային կոմիտեն հետաքննություն կանցկացնի, որպեսզի գնահատի՝ արդյոք բավարար հիմքեր կան Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյին լիազորություններից զրկելու համար, որը մեղադրվում է սեռական ոտնձգությունների համար, ստորին պալատի խոսնակ Կառլ Խիստիի կայքում հրապարակված հաղորդագրությանը հղումով գրում է Associated Press-ը: Օրենսդիրը, որը, ինչպես և Կուոմոն, դեմոկրատ է, նշել է, որ պալատի իրավաբանական կոմիտեին հանձնարարվել է «պաշտոնանկության վերաբերյալ հետաքննություն սկսել»: Դրա շրջանակներում կուսումնասիրվեն «Նյու Յորքի նահանգապետի հասցեին հնչող մեղադրանքները»։ Ինչպես հետևում է փաստաթղթից, կոմիտեի անդամները կկարողանան «զրույցել վկաների հետ և գնահատել ապացույցները»: Խիստին ընդգծել է Կուոմոյի նկատմամբ մեղադրանքների լրջությունը և վստահություն է հայտնել, որ հետաքննությունն իրականացվելու է մանրակրկիտ կերպով և առանց ուշացումների: Ինչպես նկատում է աղբյուրը, այս ընթացակարգը կարող է դառնալ նահանգապետին իշխանությունից հեռացնելու գործընթացի առաջին քայլը․ դրան կողմ են արտահայտվել նահանգի Օրենսդիր ժողովի շատ անդամներ, այդ թվում՝ դեմոկրատները։ Հիշեցնենք, որ Կուոմոյի երկու նախկին օգնականները՝ Շարլոտա Բենեթը և Լինդսի Բոյլանը, նրան մեղարդել էին սեռական ոտնձգությունների համար:Եվս մեկ կին Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյին մեղադրել էր անվայել պահվածքի համար։ Վերջինս հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր