00:00:00

Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ պետն ու ՆԱՏՕ–ի ռազմական կոմիտեի նախագահը քննարկել են Դոնբասում առկա իրավիճակը

13:29, 13 մարտ 2021 Աշխարհ

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ռուսլան Խոմչակը ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, օդուժի գլխավոր մարշալ Ստյուարտ Պիչի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Դոնբասում առկա իրավիճակը, հայտնում է «Իզվեստիա» պարբերականը՝ հղում տալով Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայության կողմից գերատեսչության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությանը: Նշվում է, որ Խոմչակը Պիչին տեղեկացրել է «Միացյալ ուժեր»-ի գործունեության տարածքում առկա իրավիճակի մասին: Բացի այդ, զրույցի ընթացքում կողմերն ուշադրություն են դարձրել Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հետագա զարգացմանը: Գլխավոր շտաբի պետը նաև շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ին՝ Ուկրաինային աջակցելու համար, և նշել, որ երկրի զինված ուժերի և դաշինքի միջև առկա երկխոսությունը պահպանում է իր դրական զարգացումը: Մարտի 11-ին Ուկրաինայի Եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռոջեր Քլոթիի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե Կիևն ակնկալում է, որ Ուկրաինայի ներկայացուցիչները, ընդլայնվելու հնարավորություններ ունեցող գործընկերության շրջանակներում, պարտականություններ կստանձնեն դաշինքի շտաբներում, հրամանատարական կառույցներում և ստորաբաժանումներում: Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին ասել է, որ պատվիրակության այցը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային ընկալում է որպես ռազմավարական գործընկեր: Լրատվականը հիշեցրել է, որ մարտի 10-ին Ուկրաինա է ժամանել ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի միացյալ հրամանատարության պատվիրակությունը՝ ղեկավար Ռոջեր Քլոթիի գլխավորությամբ։ Ուկրաինան դարձել է վեցերորդ երկիրը, որը ՆԱՏՕ-ի հետ գործընկերության կարգավիճակ է ձեռք բերել («ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության գործողությունների ծրագիր»): Սա Կիևին թույլ է տալիս ավելի մեծ հասանելիություն ունենալ ՆԱՏՕ-ի ներքին ծրագրերին և զորավարժություններին, ինչը, միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի անդամ դառնալու երաշխիք չէ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր