Թուրքիան ունի Ս-400 զենիթահրթիռային համակարգերի հարցում նշանակալի կայունություն: Այդ մասին ուրբաթ «Ռոսսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւը:
«Նրանք [ԱՄՆ] մեծ խնդիր ունեն Թուրքիայի հետ այսօրվա դրությամբ (Ս-400-ի առնչությամբ), մենք լավ գիտենք այդ մասին: Թուրք մեր գործընկերները պահպանում են կայունություն եւ հասկանում, որ դա նրանց ազգային անվտանգության հարցն է»,-տեղեկացրել է Շուգաեւը:
Նրա կարծիքով՝ Ս-400-ի հարցում թուրքական կայունությունը բարձր մակարդակի վրա է: «Կարծում եմ՝ այո: Ես ենթադրում եմ, որ մենք առաջ կշարժվենք»,-նշել է ՌՌՏՀԴԾ ղեկավարը:
Ռուսաստանն ու Թուրքիան պայմանագիր են կնքել Մոսկվայի կողմից Անկարային Ս-400 համալիրներ մատակարարելու մասին 2017 թվականին: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն էր, որ Ռուսաստանից ձեռք էր բերել այդ համակարգերը: Անկարայի որոշումը խիստ բացասական արձագանք էր առաջացրել ԱՄՆ-ի եւ միության անդամների շրջանում: Միացյալ Նահանգները չեն դադարում փորձեր կատարել, որպեսզի ստիպեն Թուրքիային հրաժարվել ռուսական զենիթահրթիռային համակարգերից: Այն կապակցությամբ, որ Թուրքիան չի տրվում ճնշման եւ չի հրաժարվում Ս-400-ից, Վաշինգտոնը բացառել է Անկարային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ամերիկյան ծրագրից: Բացի այդ, ԱՄՆ-ը սպառնում է Թուրքիային սահմանել մի շարք պատժամիջոցներ Ս-400-ը ձեռքբերելու առնչությամբ, սակայն չեն շտապում կյանքի կոչել այդ քայլը, քանի որ խուսափում են ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակցի հետ հարաբերությունների հետագա լարվածությունից, իսկ Անկարան նախազգուշացնում է, որ այդպիսի սահմանափակումների կիրառումն անպատասխան չի թողնի: