Աշխարհում հաշիշի խոշորագույն արտադրող Մարոկկոյի կառավարությունը հավանություն է տվել բժշկական նպատակներով կանեփի օգտագործումն օրինականացնող նախագծին, բայց ուժի մեջ է թողել զվարճանքի նպատակներով դրա օգտագործման արգելքը: Սակայն խորհրդարանը դեռ պետք է վերջնականապես հաստատի օրենքը, հայտնում է AFP-ն:
Օրինագիծը կոչ է անում ոլորտը կարգավորող ազգային գործակալություն ստեղծել, ինչպես նաեւ՝ կոոպերատիվներ, որոնք «արտոնագրված» կանեփ կաճեցնեն: Օրինագծի համաձայն՝ այս քայլը կանեփի անօրինական տնկարկները «կվերածի» գործունեության «օրինական եւ երկարաժամկետ տեսակների, որոնք աշխատատեղեր կստեղծեն»:
Ըստ ՄԱԿ-ի Թմրանյութերի եւ հանցավորության հարցերով վարչության (UNODC) անցյալ տարվա զեկույցի՝ Մարոկկոն աշխարհում կանեփի կամ հաշիշի խոշորագույն խեժ արտադրողն է:
Տրանսազգային կազմակերպված հանցավորության դեմ համաշխարհային նախաձեռնության 2020թ. հետազոտության մեջ կանեփի արտադրությունը Մարոկկոյում գնահատվել է ավելի քան 700 տոննա։ Այս շաբաթ Մարոկկոյի իշխանությունների կողմից հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ 2019-ին Ռիֆ հյուսիսային լեռնային շրջանում 55 000 հա հող օգտագործվել է հաշիշի ապօրինի մշակման համար:
Մարոկոյի ՆԳՆ տվյալներով՝ բժշկական նպատակներով օգտագործման համար կանեփի օրինականացումը թույլ կտա Մարոկկոյին դուրս գալ համաշխարհային շուկա, որն աճում է տարեկան 30 տոկոսով, իսկ Եվրոպայում՝ տարեկան 60 տոկոսով: Նախարարությունը հայտնել է, որ կառավարության կարգավորումը կբարելավի ֆերմերների կյանքի պայմանները եւ կպաշտպանի նրանց թմրանյութերի անօրինական շրջանառության ցանցերից: