00:00:00

Իվանիշվիլիի որդու և գործող վարչապետ Ղարբաշվիլիի զրույցի ձայնագրության հրապարակումը նոր սկանդալ է հարուցել Վրաստանում

18:08, 08 մարտ 2021 Աշխարհ

Վրաստանի «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի 27-ամյա որդու և երկրի նոր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի զրույցի ձայնագրությունը աղմկահարույց սկանդալ է հարուցել Վրաստանում: Ինչպես հայտնում է Новости-Грузия-ն, ընդդիմությունը պահանջում է հետաքննել հնարավոր հանցավոր փաստերը, որոնց մասին նշվում է «Պիրվելի» հեռուստաընկերության հրապարակած ձայնագրությունում, որը վարկաբեկում է ինչպես Բերա Իվանիշվիլիին, այնպես էլ Ղարիբաշվիլիին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Ըստ վրացական լրատվամիջոցների՝ նրանց խոսակցության թեման սոցցանցերում Բերային վիրավորած դպրոցականներին պատժելու գործողություններն են։ Բերան պատմում է, որ Պետական պահպանության հատուկ ծառայության ղեկավար Անզոր Չուբանիձեի հանձնարարությամբ մի խումբ մարդիկ գնացել են անչափահասի տուն, ահաբեկել, ստորացրել նրան և ստիպել դպրոցահասակ տղային հարևանների և ընտանիքի ներկայությամբ ներողություն խնդրել։ Սակայն Բերան գոհ չի մնացել, ցանկացել է այդ ներողությունը ստանալ նաև գրավոր տեսքով, ինչին Ղարիբաշվիլին դրական է արձագանքում։ Ընդ որում, սա Բերայի կարգադրությամբ միակ հաշվեհարդարը չէր, քանի որ զրույցից պարզ է դառնում, որ Իվանիշվիլիի որդուն այլ վիրավորողներ էլ են եղել։ Զրույցի ժամանակ Բերան տեղեկացնում է Ղարիբաշվիլիին, որ հայրը տեղյակ է այդ ամենից: Խոսակցությունն ուղեկցվում է մասնակիցների կոպիտ և ոչ պարկեշտ բառապաշարով։ Վրացական 15 հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպությունների կոչ են արել վարչապետին անհապաղ պարզաբանումներ անել սկանդալային ձայնագրությունների վերաբերյալ և հստակ պատասխաններ տալ դրանց իսկությանն առնչվող հարցերին: Ինչպես նշում են հասարակական կազմակերպությունները, ձայնագրությունը վկայում է, որ երիտասարդները, որոնց թվում նաև անչափահասներ, հետապնդումների են ենթարկվել սոցցանցերում արտահայտած տեսակետների համար: «Մենք չգիտենք՝ հավաստի է արդյոք հրապարակված ձայնագրությունը, սակայն այստեղ մի քանի հանցավորությունների նշաններ են առկա, որոնք դատապարտելի են Վրաստանի Քրեական օրենսգրքով: Ձայնագրության ենթադրյալ մասնակիցներից մեկը գործող վարչապետն է, որը կրում է ոչ միայն իրավաբանական, այլ քաղաքական պատասխանատվություն: Եթե ձայնագրությունն իրական է, անպայման պետք է բարձրացվի նրա քաղաքական պատասխանատվության մասին հարցը»,- ասվում է ՀԿ-ների համատեղ հայտարարության մեջ: Հայտարարության հեղինակները վրացական խորհրդարանին կոչ են անում պարզաբանումներ պահանջել վարչապետից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր