00:00:00

«Միջուկային համաձայնագրի վերաբերյալ եվրոպական երկրների և ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար այժմ հարմար պահ չէ»․ Իրան

18:09, 01 մարտ 2021 Աշխարհ

Իրանը հայտարարել է, որ 2015 թվականի միջուկային գործարքի վերականգնման հարցով ոչ պաշտոնական հանդիպման համար եվրոպական տերությունների կողմից և ԱՄՆ–ի մասնակցությամբ արված առաջարկի համար այժմ «հարմար» պահ չէ։ Այս մասին հայտնում է Al Arabiya News–ի թղթակից Թուք Խալիդը՝ իրանաամերիկյան հարաբերությունների վերաբերյալ իր հոդվածում: «Հաշվի առնելով Միացյալ Նահանգների և եվրոպական երեք երկրների վերջին դիրքորոշումներն ու գործողությունները, Իրանը նպատակահարմար չի գտնում անցկացնել եվրոպական համակարգողի կողմից առաջարկված ոչ պաշտոնական հանդիպումը», – ասել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Սաիդ Ղաթիբզադեհը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը բանակցություններին վերադառնալու պատրաստակամություն է հայտնել Իրանին` նպատակ ունենալով վերակենդանացնել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը, որից երեք տարի առաջ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն հրաժարվել էր` կտրուկ սրելով հարաբերությունները Թեհրանի հետ: Նշվում է, որ Բայդենը փոխել է Թրամփի քաղաքականությունը և Պետդեպարտամենտը մեղմացրել է Նյու Յորքում իրենց ծառայությունն իրականացնող իրանցի դիվանագետների ներքին ճանապարհորդությունների վրա դրված խիստ սահմանափակումները: Այնուամենայնիվ, Թեհրանը պահանջել է վերացնել Թրամփի պաշտոնավարման ընթացքում Իրանի նկատմամբ կիրառված բոլոր պատժամիջոցները՝  նախքան գործարքին վերադառնալու համար որևէ իրական գործողություն ձեռնարկելը: «Դեռևս ԱՄՆ-ի դիրքորոշման և վարքի փոփոխություն չի եղել», - հավելել է Ղաթիբզադեհը՝ ասելով, որ Բայդենի վարչակազմը շարունակում է «Թրամփի առավելագույն ճնշման ձախողված քաղաքականությունը»: Հեղինակը կարծում է, որ Իրանի ռեժիմը փորձում է ավելի շատ զիջումներ ստանալ Վաշինգտոնից մինչև որևէ իրական գործողություն ձեռնարկելը, մասնավորապես` ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով վատթարացող տնտեսական դժվարությունների հետևանքով երկրում ավելացող ճնշման ֆոնին: Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ասել է, որ Իրանը կարող է անհրաժեշտության դեպքում հարստացնել ուրանը մինչև 60 տոկոս՝ միաժամանակ հերքելով միջուկային զենք արտադրելու մասին պնդումները, որի համար պահանջվում է 90 տոկոս հարստացված ուրան: Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի ատոմային դիտորդական գործակալությունը հաղորդել է, որ Իրանի հարստացված ուրանի պաշարները ավելի քան 14 անգամ գերազանցում են 2015 թվականի միջուկային համաձայնագրով սահմանված առավելագույն շեմը: Իրանը նաև սահմանափակել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության կողմից միջուկային կայանների ստուգումները, ինչը Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից դատապարտվել է որպես «վտանգավոր» քայլ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր