Զարիֆը նախազգուշացրել է ՄԱԳԱՏԷ-ի կառավարող խորհրդին Իրանի նկատմամբ բանաձեւերի ընդունման մասին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ՄԱԳԱՏԷ-ի կառավարող խորհրդում Իրանի դեմ բանաձեւերի ընդունումը շփոթեցնում է ներկայիս իրավիճակը: Թեհրանը բոլոր կողմերին բացատրել է դրությունը: Հուսով ենք՝ խելամտությունը կհաղթի»,-նրա խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը:
Զարիֆը նշել է, որ «եվրոպացիները սխալ են գործել՝ աջակցելով ԱՄՆ-ին ՄԱԳԱՏԷ-ի կառավարող խորհրդում»: «Կարծում եմ՝ այդ գործողությունները քաոսի կհանգեցնեն»,-ասել է նա:
Երկուշաբթի Մեջլիսի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Մոջթաբա Զnոնուրը հայտարարել է, որ կիրակի ՄԱԳԱՏԷ-ի եւ ԱԵՕԻ-ի միջեւ կնքված համաձայնագիրը հակասում է միջուկային գործարքի մասին ընդունված օրենքին: Պայմանավորվածությունները ենթադրում են, որ փետրվարի 23-ից հետո ՄԱԳԱՏԷ-ն հասանելիություն չի ունենա տեսախցիկներին իրանական միջուկային օբյեկտներում, սակայն այդ տվյալները կպահպանվեն երեք ամիս` ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման դեպքում: Եթե Վաշինգտոնը մինչ այդ չվերադառնա միջուկային գործարքին, ապա տեսախցիկների ամբողջ տեղեկատվությունը կջնջվի:
2020 թվականի դեկտեմբերի 2-ին Իրանի սահմանադրության պահապանների կորպուսը հաստատեց նախկինում ընդունված մեջլիսի օրինագիծը` կառավարությանը պարտավորեցնելով ավելացնել ուրանի հարստացման աստիճանը: Խորհրդարանը կառավարությանը երկու ամիս ժամանակ տվեց (մինչեւ փետրվարի 23-ը) հրաժարվեց ՄԱԳԱՏԷ-ի լրացուցիչ արձանագրության կատարումից, եթե միջուկային գործարքի մյուս կողմերը չվերադառնան իրենց ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարմանը: Օրենսդիրների կարծիքով` նախագծում ներառված միջոցառումները կօգնեն վերացնել պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ: