00:00:00

ԵՄ 27 անդամ պետությունները քննարկել են «կորոնաանձնագրերի» և պատվաստման գործընթացն արագացնելու հարցերը

11:41, 26 փետրվար 2021 Աշխարհ

Եվրամիության 27 անդամ պետությունների ղեկավարները հինգշաբթի առցանց գագաթնաժողովի ընթացքում քննարկել են «կորոնաանձնագրերի» գաղափարը և կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արշավն արագացնելու մոտեցումները, հայտնում է Greek City Times–ը: Գագաթնաժողովի ընթացքում ԵՄ առաջնորդներն անդրադարձել են «կորոնաանձնագրերի» մասին համաձայնագրին, որը կարող է հեշտացնել օդային ճանապարհորդությունը: Հունաստանը, Իսպանիան և Իտալիան աջակցում են գաղափարիկ, այնուամենայնիվ, ԵՄ հյուսիսային գործընկերները, ինչպես օրինակ Գերմանիան, կասկածում են վկայագրերի արդյունավետությանը: «Մենք քննարկել ենք պատվաստումների վկայականների հարցը: Պայմանավորվել ենք շարունակել մեր աշխատանքն ընդհանուր մոտեցման շուրջ: Անհրաժեշտ է ավելի շատ աշխատանք կատարել` թվայնացման և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության ուղղությամբ: Եվրոպական խորհուրդը կանդրադառնա այս հարցին», - ասել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Վոն դեր Լեյենը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է, որ միության չափահաս բնակչության 8 տոկոսն արդեն պատվաստվել է: Եվրահանձնաժողովը գործարքներ է կնքել մի քանի ընկերությունների հետ՝ պատվաստանյութի ավելի քան 2 միլիարդ չափաբաժին ստանալու համար: Խոսքը Pfizer-BioNTech, Moderna և AstraZeneca ընկերությունների մասին է: Պաշտոնյաներն ասում են, որ Johnson & Johnson պատվաստանյութը կարող է հաստատվել հաջորդ ամիս: «Մենք վճռականորեն շարունակելու ենք աշխատել միասին և համակարգել մեր գործողությունները` համավարակն ու դրա հետևանքները հաղթահարելու համար: Իրավիճակը շարունակում է լուրջ մնալ, և վարակի նոր տարբերակները լրացուցիչ մարտահրավերներ են առաջացնում», - ասված է ԵՄ երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր