00:00:00

Նիկոլ Փաշինյանը, կարմիրբերետավորների օղակի մեջ, երթով անցավ քաղաքի կենտրոնական փողոցներով ու վերադարձավ Կառավարություն

15:39, 25 փետրվար 2021

ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունից հետո, որով Զինված ուժերը պահանջում են Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը, լարված իրավիճակ ստեղծվեց Կառավարության շենքի մոտ։ Այստեղ հավաքվեցին Փաշինյանին աջակցող և նրա հրաժարականը պահանջող քաղաքացիներ։ Քաղաքացիների մեջ պարբերաբար բախումներ էին տեղի ունենում, որոնք հարթվում էին ոստիկանների միջամտությամբ։ Կառավարության նիստից հետո շենքից դուրս եկավ Նիկոլ Փաշինյանը։ Ի դեպ,  ԶՈՒ ԳՇ առավոտվա հայտարարությունից հետո հենց վարչապետն էր իր համակիրներին կոչ արել հավաքվել Կառավարության շենքի մոտ։ Փաշինյանը հայտարարեց, որ իր հրաժարականը հարցի լուծում չի կարող լինել. «Ես մի քանի առաջարկներ ներկայացրել եմ, ցավոք, մերժել են»։ Անդրադառնալով ԶՈՒ ԳՇ հայտարարությանը՝ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ դա հուզական հայտարարություն է, «մեր հրամանատարությանը, մեր ընկերներից ոմանց ուղղակի ներքաշել են»։ Փաշինյանը նաև նշեց, որ ժամը 16։00–ին ելույթ է ունենալու Հանրապետության հրապարակում, որտեղ պետք է քննարկեն որոշ հարցեր։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը երթ արեց կենտրոնական փողոցներով։ Փաշինյանը քայլում էր՝ մի քանի շարք կարմիր բերետավորներով շրջափակված։ Ի դեպ, սոցցանցերի շատ օգտատերեր նկատել են, որ երթի մասնակիցների մեջ շատ ավելի մեծ թիվ էին կազմում ոստիկանները, որոնց մի մասը քաղաքացիական հագուստով էին։ Մինչ երթի մասնակիցները վանկարկում էին «Նիկոլ վարչապետ», ճանապարհին հանդիպող շատ քաղաքացիներ Փաշինյանին ճանապարհում էին «Նիկոլ դավաճան, Նիկոլ մարդասպան, Նիկոլ հողատու» վանկարկումներով։ Երթի ընթացքում տեղ-տեղ ընդհարումներ էին տեղի ունենում երթի մասնակիցների և Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների միջև։ Մաշտոցի պողոտայում մի քանի անգամ միջադեպեր տեղի ունեցան, մի տեղ քաղաքացիների ընդհարումը վերածվեց ծեծկռտուքի, մի հատվածում էլ, երբ քաղաքացիները սկսեցին բղավել «Նիկոլ դավաճան», Փաշինյանն իր աջակիցների ի պատասխան կոչ արեց ծափահարել։ Երթի մասնակիցները վերադարձան Հանրապետության հրապարակ, Նիկոլ Փաշինյանը մտավ Կառավարության շենք։ Ի դեպ, լրատվամիջոցները ահազանգում են, որ նախարարությունների և թաղապետարանների աջակիցներին հրահանգել են շենքերից դուրս չգալ, որպեսզի մասնակցեն Հանրապետության հրապարակում Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին։ NEWS.am-ին ահազանգած մի քաղաքացի էլ հայտնեց, որ Խաչատուր Սուքիասյանին պատկանող Երևան տոնավաճառը փակել են, իսկ քաղաքացիներին ուղարկել են մասնակցելու Նիկոլ Փաշինյանի կազմակերպած երթին և հավաքին։ Քիչ առաջ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն երկրորդ հայտարարությունն է տարածել, որում վերահաստատել է իր դիրքորոշումը և տեղեկացրել, որ առավոտյան տարածած հայտարարությունը չի ուղղորդվել և չի արվել որևէ մեկի ճնշման տակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր