00:00:00

Երիտասարդ կինը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ դարձել է սպանության զոհ

23:27, 26 ապրիլ 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են երիտասարդ կնոջ մահվան իրական հանգամանքները, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ վերջինս ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ դարձել է սպանության զոհ։  Մեղադրանք է առաջադրվել ամուսնուն։ 1986թ. ծնված կնոջ մահվան մասին ահազանգն ստացվել էր 2017 թվականի մարտի 3-ին. «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացել, որ Երևան քաղաքի Գ-1 թաղամասի տներից մեկից «Պոլիտրավմա, անգիտակից վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել նույն տան բնակչուհին՝ ծնված 1986թ։ Ստացած վնասվածքների հետևանքով տուժած կինն օրեր անց՝ մարտի 7-ին, մահացել է  բժշկական կենտրոնում՝ առանց գիտակցության գալու: Ամուսինը հայտարարել է, որ կինն ընկել է իրենց տան 2-րդ հարկի աստիճանահարթակից, որի հետևանքով էլ ստացել է նշված վնասվածքները։ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ երիտասարդ կնոջն ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով, մշակվել վարկածներ, և ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ կնոջ մահվան իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել նմուշներ, առգրավվել դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստը, հարցաքննվել մի շարք անձինք: Դեպքի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ, ինչպես նաև՝ դատակենսաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն: Արդյունքում պարզվել է, որ 30-ամյա կինը ոչ թե ինքնասպան է եղել, այլ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներն ստացել է ամուսնու կողմից կենսական օրգաններին բազմաթիվ հարվածներ ստանալու հետևանքով: Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ դեպքի օրը ՝ ժամը 14:00-ի սահմաններում, ամուսինների միջև իրենց տանը տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ամուսինը բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ՝ կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին` գլխի թաղի աջ և ձախ ճակատային, ճակատ-գագաթային, գագաթ-ծոծրակային և զույգ քունքային շրջաններին, ինչպես նաև՝ պարանոցի, իրանի և վերջույթների շրջաններին, այնուհետև տան աստիճանավանդակի բռնակից աջ ձեռքով կառչած կնոջ ձեռքի երկայնաձիգ առանցքի ուղղությամբ ուժգին ներգործությամբ տեղաշարժելով՝ նրան  բարձրությունից գլխիվայր ցած նետել տան նկուղային հարկ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ կնոջն սպանելու համար: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր