00:00:00

ԵՄ-ն կորոնավիրուսի պատճառով խստացնում է Շենգենյան գոտի մուտք գործելու կանոնները

10:43, 03 փետրվար 2021 Աշխարհ

Եվրամիության խորհուրդը հաստատել է կորոնավիրուսային համավարակի  պատճառով Շենգենյան գոտի ճանապարհորդության սահմանափակումների վերաբերյալ նոր առաջարկությունները: Նոր սահմանափակումներն ընդունվել են գրավոր ընթացակարգով, երեքշաբթի, փետրվարի 2-ին: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ի ռուսալեզու ծառայությունը` հղում տալով Եվրամիության խորհրդի մամուլի ծառայությանը: Մասնավորապես, առաջարկությունները նախատեսում են նոր պայմաններ երրորդ երկրի հետ Եվրամիության սահմանները բացելու համար`ցանկացած ճանապարհորդության, այդ թվում` զբոսաշրջության համար: Դրա համար երկիրը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին. 1)      Վերջին 14 օրվա ընթացքում վարակի նոր դեպքերի թիվը չպետք է գերազանցի 25-ը 100 000 բնակչի հաշվով: 2)      Վերջին երկու շաբաթվա ընթացքում նոր վարակների քանակը պետք է նվազի կամ կայուն մնա նախորդ 14-օրյա ժամանակահատվածի համեմատ: 3)      Երկիրը 7 օրվա ընթացքում պետք է կատարի ավելի քան 300 թեստ 100 000 բնակչի հաշվով: 4)      Անցած 7 օրվա ընթացքում կորոնավիրուսի փորձարկման դրական արդյունքների թիվը չպետք է գերազանցի 4%-ը: Բացի այդ, հաշվի կառնվի նաև կորոնավիրուսի տարբեր մուտացիաների տարածումը: Այս չափանիշների հիման վրա ԵՄ խորհուրդը կթարմացնի այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիների համար բաց կլինեն Շենգենյան սահմանները: Ցուցակը վերջին անգամ վերանայվել է հունվարի 28-ին: Դրանում մնացել Է ընդամենը 7 երկիր՝ Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սինգապուրը, Հարավային Կորեան, Թաիլանդը և Չինաստանը: Նախկինի պես, կթույլատրվեն այսպես կոչված, անհրաժեշտ ուղևորությունները: Այլ կերպ ասած, ԵՄ երկրների քաղաքացիներին և բնակիչներին, ինչպես նաև, օրինակ, տրանսպորտային աշխատողներին կամ դիվանագետներին թույլատրում են մտնել Շենգենյան տարածք: Բայց հիմա, նրանց մուտքի համար անհրաժեշտ կլինի փաստաթուղթ PCR թեստի բացասական արդյունքի վերաբերյալ, թեստը պետք է հանձնված լինի Շենգեն գոտի մուտք գործելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ: Այս կանոնը չի տարածվելու միայն տրանսպորտային աշխատողների վրա, ինչպիսիք են վարորդները: Բացի այդ, երկրները, իրենց հայեցողությամբ, կսահմանեն ժամանման լրացուցիչ սահմանափակումներ՝ կարանտին, ինքնամեկուսացում կամ կորոնավիրուսի համար լրացուցիչ թեստավորում: Առաջարկությունները նախատեսում են նաև անհրաժեշտ ճանապարհորդության իրավունք ունեցող անձանց կատեգորիաների սահմանափակում: Դա վերաբերում է այն երրորդ երկրներին, որտեղ համաճարակաբանական իրավիճակը արագորեն վատթարանում է, առաջին հերթին կորոնավիրուսի նոր տարբերակների տարածման պատճառով: Քանի որ սահմանների հատման խնդիրները  գտնվում են ԵՄ յուրաքանչյուր պետության իրավասության մեջ, այս կանոններն ընդունվել են առաջարկությունների տեսքով: Նրանց իրականացման համար պատասխանատու կլինեն ազգային կառավարությունները: Այնուամենայնիվ, քանի որ հենց ԵՄ երկրներն են, որոնք համատեղ ընդունել են այդ առաջարկությունները,  ակնկալվում է, որ դրանք կիրականացնեն: Այս առաջարկությունները վերաբերում են ԵՄ բոլոր երկրներին, բացառությամբ Իռլանդիայի, ինչպես նաև Շվեյցարիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի և Լիխտենշտեյնի: Դանիան իրավունք ունի որոշելու`հետևել դրանց, թե ոչ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր