00:00:00

Մեկ շաբաթվա ընթացքում 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 1289 զանգ. ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը

17:48, 18 հունվար 2021 Իրավական

2021 թվականի հունվարի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 1289 զանգ: Զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց պահեստավորման եւ ոչնչացման մասով ծառայությունը ստացել է 77 կանչ: ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները եւ Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոնները ՌԴ ՊՆ սակրավորների հետ մեկտեղ շարունակում են Արցախի բնակավայրերը, լեռնաանտառային ու հարթավայրային գոտիները մաքրել հնարավոր սպառնալիքներից: Անցած շաբաթվա ընթացքում հրդեհի 16 դեպք է արձանագրվել: Այն հիմնականում բռնկվել է բաց տարածքում՝ չոր խոտածածկի այրվելու պատճառով: Բարեբախտաբար մահվան ելքով դեպքեր չկան: Արցախի հրշեջ փրկարարներն արձագանքել են բոլոր կանչերին եւ ժամանակին կանխել աղետը: Նախորդ շաբաթվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների մասին մեկ հաղորդում է ստացվել: Կա մեկ տուժած: ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը վերջինիս ցուցաբերել է առաջին օգնություն եւ տեղափոխել բուժհաստատություն: Շաբաթվա ընթացքում կենցաղային բնույթի 31 կանչ է ստացվել: Ծառայության բոլոր ստորաբաժանումները համապատասխան օգնություն եւ աջակցություն են ցուցաբերել Արցախի բնակիչներին: Ճգնաժամային կառավարման կենտրոնի հերթապահ խմբերը բնակիչներին միաժամանակ տվել են համապատասխան խորհրդատվություններ: ԱԻ ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը անցած շաբաթվա ընթացքում թշնամու վերահսկողության տակ անցած բնակավայրերում շարունակել են իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ, որոնց արդյունքում 2020 թվ-ի նոյեմբերի 13-ից մինչեւ 2021 թվ-ի հունվարի 17-ը հայտնաբերվել է 1238 աճյուն, որոնց մեջ կան նաեւ քաղաքացիական անձանց մարմիններ: Անցած շաբաթվա ընթացքում ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Մարտունու եւ Ասկերանի արտակարգ իրավիճակների շրջանային բաժիններ: Ծառայության տնօրենը վերստին շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ պատերազմի ընթացքում ցուցաբերած արիության եւ անձնվիրության համար, վերջիններիս պարգեւատրել գերատեսչական մեդալներով ու պարգեւներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր