00:00:00

Տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների հանդիպումը

23:50, 05 հունվար 2021 Քաղաքականություն

Հունվարի 5-ին մեկնարկեց ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցն Արցախի Հանրապետություն. նախարարը հանդիպեց Արցախի նորանշանակ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ։ Նախարար Այվազյանը շնորհավորեց Դավիթ Բաբայանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան արգասաբեր գործունեություն իր նոր կարգավիճակում։ Նախարարներ Այվազյանը և Բաբայանը կարևորեցին Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ավանդական համագործակցության ամրապնդումը` այդ թվում փոխայցելությունների և խորհրդակցությունների պարբերաբար անցկացման միջոցով՝ արտաքին քաղաքական օրակարգի առանցքային հարցերի շուրջ արդյունավետ քննարկումներ կազմակերպելու, ինչպես նաև հետագա համատեղ անելիքներն ուրվագծելու նպատակով։ Նախարար Այվազյանն ընդգծեց, որ Արցախի և Հայաստանի առջև այսօր ծառացել են հրատապ հասցեագրում պահանջող խնդիրներ, և այդ առումով ավելի քան հրամայական է երկու երկրների պետական կառույցների, նախևառաջ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև սերտ համագործակցությունն ու համակարգումը: Արտգործնախարարները հանգամանալից քննարկեցին Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կյանքի կոչմանը, արցախահայության առջև ծառացած հիմնախնդիրների հասցեագրմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց ազատ արձակման և հայրենադարձման, տեղահանված արցախահայերի` հայրենիք վերադարձի պայմանների ստեղծման և նրանց անվտանգության երաշխիքների ապահովման, պատերազմի հումանիտար և սոցիալ֊տնտեսական հետևանքների հաղթահարման ուղղությամբ քայլերի գործարկման առաջնահերթությունը: Այս համատեքստում ԱԳ նախարարներ Այվազյանն ու Բաբայանն ընդգծեցին միջազգային մասնագիտական կառույցների` տեղում ներգրավման անհրաժեշտությունը՝ համընդգրկուն լուծումներ ապահովելու նպատակով: Երկուստեք շեշտվեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը հիմք է ստեղծում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման շուրջ քննարկումներ անցկացնելու համար՝ մրջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Որպես հակամարտության քաղաքական կարգավորման առանցք` նշվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի ճանաչումը, Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքների դեօկուպացիան և արցախահայության իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունը։ Հանդիպման շրջանակներում Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներ Արա Այվազյանը և Դավիթ Բաբայանը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 2021թ. խորհրդակցությունների պլան: Այնուհետև հանդիպումը շարունակվեց ընդլայնված կազմով՝ Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար կազմի մասնակցությամբ: Նախարար Այվազյանը նշեց, որ այժմ թևակոխել ենք մի փուլ, երբ դիվանագիտության դերն ու նշանակությունն առանցքային դիրքերում են հայտնվել: «Այս փուլում մեր համագործակցությունը նույնպես առանցքային նշանակություն է ձեռք բերում: Այդ իսկ պատճառով, մեր քննարկումերը հետայսու ավելի ինտենսիվ և ներառական բնույթ են կրելու։ Մենք ունենք հստակ նպատակներ մեր առաջ դրված խնդիրների հասցեագրման համար, և այս նպատակին են ծառայեցվելու մեր բոլոր ռեսուրսները և մեր ողջ ներուժը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր