00:00:00

Նոր ծրագիր Շիրակի մարզի քոլեջների եւ ուսումնարանների համար

17:29, 28 դեկտեմբեր 2020

Շիրակի մարզի ՄԿՈՒ հաստատությունների, «People in Need» հասարակական կազմակերպության եւ բիզնես կազմակերպությունների միջեւ «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի շրջանակում ստորագրվել են համագործակցության հուշագրեր: Հուշագրերի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Գյումրիում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախնական արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը նշել է, որ այս համագործակցությունը շարունակությունն է 2017 թվականից մեկնարկած դուալ կրթության եւ աշխատանքի վրա հիմնված ուսուցման ծրագրի: «Նոր մեկնարկող ծրագիրը հնարավորություն կտա արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական հաստատություններում ներդնել գյուղատնտեսական եւ թեթեւ արդյունաբերության ոլորտների նոր մասնագիտություններ, որոնք պահանջված են աշխատաշուկայում»,- նշել է վարչության պետը` հավելելով, որ փորձնական ծրագիրը ներառում է կաթ, կաթնամթերքի տեխնոլոգիա, պանրագործություն, գյուղատնտեսական մեքենաների շահագործում, կարի տեխնոլոգիա, ջերմոցային տնտեսություններ, գորգագործություն մասնագիտությունները: «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի նպատակն է զարգացման նոր հնարավորություններ ստեղծել Շիրակի մարզի գործատուների եւ ՄԿՈՒ հաստատությունների համար՝ պատրաստելով աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մրցունակ մասնագետներ՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոտեցումներով, ինչն էլ իր հերթին կխթանի մարզում ձեռնարկատիրական գործունեության զարգացումը»,- նշել է «People in Need» հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը։ Ըստ եռակողմ հուշագրերի` Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանը կհամագործակցի «Բանդիվան կաթ» ընկերության, Ամասիայի պանրի գործարանի եւ «Կումայրի կարպետ» ընկերության հետ, Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջը` Աշոցքի պանրի գործարանի եւ «Գրին Բրոդերս» ընկերության հետ: Պայմանագրային երրորդ կողմը «People in Need» ընկերությունն է, որը 2021 թվականին ուսումնական հաստատություններում նյութատեխնիկական բազայի համալրում է իրականացնելու, իսկ 2019 թվականից մանկավարժական կազմի մասնագիտական կարողությունների զարգացման աշխատանքներ է կատարել: Մշակվել է նաեւ «ՀՀ Շիրակի մարզում աշխատանքի շուկայի (ոլորտային հմտությունների) գնահատման վերաբերյալ» զեկույցը, որը հիմք ընդունելով՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գործատուների հետ՝ ուսուցման աշխատանքի վրա հիմնված բաղադրիչը գործատուների շրջանում իրականացնելու վերաբերյալ: Նախանշվել են այն ուսումնական ծրագրերը, որոնք համատեղ փորձարկվելու են ՄԿՈՒ 4 հաստատություններում՝ Ամասիայի եւ Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարաններում, Արթիկի պետական եւ Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջներում։ 2021 թ.-ին համագործակցության հուշագրեր կստորագրվեն նաեւ «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի մյուս մասնակիցների՝ Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանի, Արթիկի պետական քոլեջի եւ մի շարք այլ գործատուների հետ։ «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագիրը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվում է «People in Need» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից։ Ծրագրի գործընկերներն են Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանը, Շիրակի մարզի առեւտրաարդյունաբերական պալատը, ոլորտային հմտությունների խորհուրդը, Ջի-Այ-Զեթը (GIZ-Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն) եւ Զբաղվածության պետական գործակալությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր