Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը երկուշաբթի պատվաստվել է Pfizer եւ BioNTech ընկերությունների կորոնավիրուսի դեմ գերմանա-ամերիկյան պատվաստանյութով: Այս մասին Նիկոսիայի հարավարեւելյան արվարձանում գտնվող Լաչա բնակավայրի բժշկական կենտրոնի շեմին լրագրողներին հայտնել է անձամբ Կիպրոսի նախագահը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Գործողությունից հետո նախագահը շնորհակալություն է հայտնել բժիշկներին, որոնք անմիջական մասնակցություն ունեն երկրի բնակչության պատվաստման գործում: «Յուրաքանչյուրը պատվաստվելուց հրաժերվելու իրավունք ունի, բայց պատվաստանյութն այն է, ինչը մեզ կպաշտպանի»,- շեշտել է նա:
Անաստասիադիսը հավելել է, որ «սկսվել է, այսպես կոչված, անտեսանելի թշնամու հետհաշվարկը մինչեւ ջախջախում»: Ուստի երկրի նախագահը հանրությանը կոչ է արել հետեւել սահմանափակող միջոցառումներին, որոնք ընդունվել են երկրում կորոնավիրուսի տարածմանը հակազդելու համար:
Նա նաեւ ցանկացել է, որ համավարակն ավարտվի առաջիկա ամիսներին, եւ որ սկսվող 2021 թվականը երկրին «իրական կյանքի» վերադարձնի, որով կղզին վարժվել էր ապրել երկար տարիներ:
Pfizer-ի եւ BioNTech-ի պատվաստանյութի առաջին խմբաքանակը Կիպրոս է հասցվել շաբաթ: Կղզում պատվաստման գործընթացը սկսվել է կիրակի: Երկրում առաջինը պատվաստվել է Լիմասոլում «Պանայա» ծերանոցի բուժանձնակազմը: