
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ երկրում տեղի ունեցած վերջին արհավիրքից հետո հույս ուներ, որ իշխանական պատգամավորները, մասնավորապես՝ վարչապետի պաշտոնը ծանրաբեռնող Նիկոլ Փաշինյանը, կսկսեն առաջնահերթությունները մեկը մյուսից տարբերել:

«Հիմա ես այստեղից պետք է գնամ մի պաշտոնյայի մոտ և նրան խնդրեմ, որպեսզի արագացնի 70 օր անհայտ կորած ու մահացած հայտնաբերված զինվորի ԴՆԹ անալիզը, որպեսզի կարողանան այդ զինվորի հուղարկավորությունն անեն: Այդ զինվորի ծնողները խելագարվում են, ասում են, երևի իրենք ավելի շուտ կմահանան, քան իրենց զինվորի դին կհասցնեն տուն: Այ սրա մասին պետք է մտածի Նիկոլ Փաշինյանը: Ես չեմ հասկանում՝ մենք վարչապետ ունե՞նք, թե՞ բրոքեր, օրը մի տարածք հանձնում է: Վարչապետը պետք է այսօր ընկած լիներ այս ու այն կողմ ու այդ հարցերը լուծեր»,- այս մասին խորհրդարանում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գևորգ Պետրոսյանը:
Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը գերիների, անհայտ կորածների հարցերը թողած՝ Նաիրա Զոհրաբյանին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից է ուզում հեռացնել:
«Ես չեմ կասկածում, որ այսօր խորհրդարանում իշխանական խմբակցությունն այդ նախագծին կողմ է քվեարկելու, լավ, պատկերացրեք՝ տիկին Զոհրաբյանը հեռացավ այդ պաշտոնից, հետաքրքիր է, ո՞վ է լինելու նրան փոխարինողը: Այն, ինչ տիկին Զոհրաբյանն արել է եվրոպական կառույցներում, այս քայլարածներից ո՞վ է արել: Գնում են այնտեղ, մեզ խայտառակ են անում, բուֆետներից դուրս չեն գալիս»,- շեշտեց նա: