00:00:00

«էսօր վերջին օրն ա, էսօր կռիվը կվերջանա». վերջին օրն էր ոչ թե կռվի, այլ երկու եղբայրների

22:55, 11 դեկտեմբեր 2020

Արցախյան պատերազմում՝ հանուն հայրենիքի պաշտպանության հերոսաբար ընկավ Արտավազդ Հարությունյանը: Նույն օրը զոհվեց նաև նրա հորեղբոր տղան Մանվելը: Բարի էր Արտավազդը, կոկիկ ու մաքրասեր էր շատ: Պատրաստակամ էր բոլորին օգնելու, անգամ անծանոթ մարդկանց մեծ սիրով օգնություն էր ցուցաբերում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում պատմեց Արտավազդի կինը՝ Նինել Հովհաննիսյանը: Արտավազդը և Նինելը դեռ 2 տարի էլ չկա, ինչ պսակադրվել են, նրանք ունեն 6 ամսական տղա երեխա: Արտավազդը շատ էր սիրում ընտանիքին և ընտանիքի հետ ժամանակ անցկացնելը, իսկ իր որդին նրա համար, լրիվ այլ հպարտություն էր. «Ամուսինս ապրում էր ներկայով: Նպատակը այն էր, որ մեր երեխային ամեն ինչով ապահովեր, որ փոքրիկը ոչնչի կարիք չունենար: Ճիշտ է, չնչին երազանք էր, բայց ինքը շատ էր ցանկանում մեր երեխային քայլակի մեջ տեսնել, բայց, ավաղ, այդպես էլ չտեսավ»,-նշեց Նինելը: Արտավազդի և Նինելի սերը մեծ փորձությունների միջով է անցել նախքան ամուսնանալը, սակայն ինչպես նշում է Նինելը, գլխավորն այն է, որ դրանք հաղթահարել են. «Մենք իրար ճանաչել և սիրել ենք դպրոցական տարիներից: Իմ ընտանիքը Երևանից էր, իսկ Արտավազդը ապրում էր Ճամբարակում և ծնողներս, քանի որ չէին ցանկանում, որ նրանցից հեռու գտնվեմ առանց ճանաչելու Արտավազդին դեմ էին նրան և մենք փախանք: Երկու ամիս հետո ծնողներս հաշտվեցին իմ որոշման հետ: Ճանաչելով Արտավազդի յուրահատուկ տեսակը հիմա նրանք էլ են ափսոսում, որ ամեն ինչ այս ավարտը ունեցավ: Այդ եզակի տեսակը այլևս չկա»,- նշեց հերոսի կինը: Նինելը ծնողներից գաղտնի բանակ ճանապարհեց իր սիրելիին և անհամբերությամբ սպասեց նրա վերադարձին: Ծառայությունը ավարտելուց հետո Արտավազդը որոշեց Ճամբարակի զորամասում շարունակել իր ծառայությունը: Նա աշխատում էր իր հորեղբոր որդու՝ Հարությունյան Մանվելի հետ, սակայն պատերազմի օրերին նրանք տարբեր դիրքերում էին հայտնվել, որը շատ կարճ տևեց. «Սեպտեմբերի 28-ից Արտավազդը արդեն դիրքերում էր: Ամուսինս շատ էր ուզում եղբոր հետ ծառայել ու դիրքը փոխեց, որ լինեն միասին: Միշտ ասում էր՝ Մանվելը ինձ ասել է՝ ուր գնանք միշտ միասին պետք է լինենք: Ու ասածը ճիշտ եղավ, երկուսով անմահացան՝ գնացին երկինք»,- մեծ ցավով նշեց Նինելը: Սկզբնական շրջանում հերոսը ամեն օր զանգում էր կնոջը, անգամ,  օրը մի քանի անգամ. «Ես չգիտեի, որ դիրքերում է: Ինչը, որ գիտեր կնեղացնի,  ցավ կպատճառի, փորձում էր թաքցնել ինձանից: Օրեր անց նոր իմացել եմ, որ դիրքերում է: Եթե անկեղծ, ես պահի լրջությունը չեմ հասկացել ու չեմ էլ կարծել, որ մեր ընտանիքի հետ կարող է սենց բան պատահել: Այդ օրերին միայն մտածում էի, որ հանկարծ չմրսի, սոված չլինի, բայց որ հնարավոր է զոհվի, երբեք մտքովս չի անցել»,- ընդգծեց հերոսի կինը: Նինելը վերջին անգամ հետը խոսել է հոկտեմբերի 1-ին՝ երեկոյան, այդ զանգը շատ է տպավորվել նրա հիշողության մեջ. «Ասաց հաճախ եմ զանգահարում, որ չասես՝ չեմ զանգում: Ես էլ ասացի՝ անհանգիստ եմ լինում, այդ պատճառով եմ ուզում հետդ խոսել, թեկուզ միայն ասա, որ լավ ես ու անջատի, ասաց երեխուս անպայման կհամբուրես, ձեզ լավ կնայեք; Չեմ մոռանա, որ նշեց՝ էսօր վերջին օրն ա, էսօր կռիվը կվերջանա: Ես կարծեցի, թե այդ օրը իրենց ասել են, որ պատերազմը վերջանալու է, բայց ինչպես հետո պարզ դարձավ, տղերքին նախապես հրահանգավորել էին, որ գնում են այնպիսի տեղ, որ հնարավոր է հետդարձի ճանապարհ չլինի»,- վերհիշում է Նինելը: Արտավազդը զոհվել է հոկտեմբերի 2-ին սակրավորական աշխատանքներ կատարելիս: Նինելը այդ օրը սովորականի պես սպասել է ամուսնու հերթական զանգի, բայց... «Այդպես էլ չզանգեց: Ես զանգահարեցի նրան, բայց անհասանելի էր, հետո զանգահարեցի նրա հորեղբոր տղային, զանգերը գնում էին, բայց պատասխանող չկար: Հետո Արտավազդի զոհվելու մասին լուրը հասավ ինձ: Սկզբում քույրիկս զանգահարեց հարցուփորձ արեց, որը կասկածի տեղիք տվեց ինձ, հետո ամուսնուս ընկերը զանգահարեց ու ինձանից ամուսնուս գտնվելու վայրն էր փորձում ճշտել, ու այդպես ես հասկացա արդեն՝ ինչ է կատարվում»,- պատմում է մեր զրուցակիցը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր