Ամբողջ հայ ժողովուրդը մեծ ողբերգություն է ապրում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ԵՊՀ-ի դիմաց մոմավառության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ-ի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը։
«1960 թվականից աշխատում եմ ԵՊՀ-ում։ Ինչը կատարվել է համալսարանում, բոլոր միջոցառումներին ակտիվ մասնակից եմ եղել։ Երբ ավարտվեց մեր առաջին պատերազմը, ունեցանք մեծ թվով զոհեր, որոնք իրենց կյանքը դրեցին Արցախի ազատագրության համար, եւ, կարելի է ասել, Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչման համար։ Համալսարանի գիտական խորհուրդը 1994 թվականին որոշեց տեղադրել այստեղ խաչքար՝ ի հիշատակ նահատակված մեր զինվորների»,- նշեց դեկան Գրիգորյանը։
Մարատ Գրիգորյանն ընդգծեց, որ, ցավոք, այսօր այլ իրադրություն է երկրում. «Ամբողջ հայ ժողովուրդը մեծ ողբերգություն է ապրում։ Այն, ինչ մեր ազատամարտիկները ձեռք էին բերել 1994 թվականին, այսօր հեշտությամբ տրվեց թշնամուն։ Տվեց, ունենալով հսկայական զոհեր, ունենալով մեծ կորուստներ տարածքների»։
Դեկան Գրիգորյանն ասաց, որ իր լավագույն ուսանողներից շատերը զոհվեցին այս պատերազմում. «Հայրենասեր տղաներ էին՝ գերազանց սովորողներ։ Փառք ձեզ, տղաներ, ձեր անուններն անմահության մատյաններում կգրվեն»։