00:00:00

Արցախում խաղաղության հաստատման ֆոնին Իրանի սահմանային գծի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. Իրանի ԱԳՆ խոսնակ

19:29, 16 նոյեմբեր 2020 Աշխարհ

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հերքել է Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմական գործողությունները դադարեցնելու մասին հայտարարությունից հետո սահմանային գծերի որևէ փոփոխություն: Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, Խաթիբզադեի խոսքով՝ Թեհրանը հայտարարությունում նշվող միջանցքը դիտարկում է որպես տարանցիկ ուղի, ոչ ավելին: ԱԳՆ խոսնակը ողջունել է Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագիրը, որով ավարտվել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող 6-շաբաթյա պատերազմը: Խաթիբզադեն ընդգծել է, որ Իրանի սահմանային գիծը հյուսիսարևմտյան շրջանում բոլորովին չի փոփոխվել և չի փոխվելու մոտ ապագայում: Պատասխանելով հարցին, թե արդյոք Իրանը ևս խաղաղապահական ուժեր կունենա տարածաշրջանում, ԱԳՆ խոսնակը նշել է, որ «Իրանը ռազմավարական դեր է կատարում բոլոր տարածաշրջանային հարցերում»: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր  ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր