Նոյեմբերի 5-ին եւ լույս 6-ի գիշերը ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են:
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական արդյունավետ մարտեր են վարել եւ թշնամական ուժերին ռազմատեխնիկական ու մարդկային մեծաթիվ կորուստներ պատճառել արեւելյան, հարավային ու հարավ-արեւմտյան հատվածներում:
Շուշիի ուղղությամբ թշնամական գրոհային խմբերի բազմակի հարձակման փորձերը նույնպես կասեցվել են: Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել նաեւ հարավ-արեւմտյան՝ Բերձորի հատվածում:
Ամբողջ օրվա ընթացքում հակառակորդը հրթիռահետանային հարվածներ է հասցրել նաեւ Արցախի խաղաղ բնակավայրերին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:
Հարձակողական գործողությունները թշնամական ուժերի կողմից ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են: Բանակային ստորաբաժանումները լիարժեք կերպով վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը եւ քայլեր են ձեռնարկում թշնամական ուժերի հետագա հայտնաբերման եւ կրակային խոցման ուղղությամբ: