Նոյեմբերի 2-ին հայաստանյան 50 կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ դիմել են 100 միջազգային բնապահպանական կառույցների՝ խստորեն դատապարտելով հոկտեմբերի 30-ին Արցախի անտառներում կիրառված ֆոսֆորական զինամթերքի օգտագործումը Ադրբեջանի կողմից:
Միջազգային կառույցների և ազդեցիկ բնապահպանների ցանկում են Բնության պահպանության միջազգային միավորումը (սահմանում է կենդանիների կարմիր ցուցակը), Գրետա Թունբերգը, Բրիջիդ Բարդոյի հիմնադրամը, Կենդանիների փրկարար միջազգային կազմակերպությունը, Լենոարդո Դի Կապրիոյի հիմնադրամը և այլ հեղինակավոր կառույցներ։
Հայտարարության միջոցով կազմակերպությունները կոչ են անում համարժեք արձագանք տալ և ներդնել բոլոր ջանքերը՝ պաշտպանելու Արցախի արժեքավոր էկոհամակարգը, հազվագյուտ տեսակների պոպուլյացիաներն ու առկա գենետիկ ռեսուրսները սպառնացող էկոցիդից՝ որպես համաշխարհային բնական ժառանգություն։
Կառույցները հիշեցնում են՝ բնության պահպանությունը քաղաքական և ռազմական սահմաններ չի ճանաչում, և սպիտակ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը կենսաբազմազանությամբ հարուստ այսպիսի տարածաշրջանում կարող է հանգեցնել բնապահպանական աղետի ողջ տարածաշրջանում։
«Քիմիական այս զենքի կիրառությունը միջազգային հանրույթն օբյեկտիվորեն ճանաչում է որպես ռազմական հանցագործություն:
Բնության պահպանությունը քաղաքական և ռազմական սահմաններ չի՛ ճանաչում, քանի որ բոլորս ապրում ենք միևնույն տարածաշրջանում և օգտվում միևնույն կենսական ռեսուրսներից:
Սպիտակ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը կենսաբազմազանությամբ հարուստ այսպիսի տարածաշրջանում անխոս կհանգեցնի բնապահպանական աղետի ու աներկբայորեն կվերածվի տարածաշրջանային էկոցիդի», - նշված է հայտարարության մեջ։