00:00:00

Ավստրալացի լրագրողը պարզել է՝ որտեղ է նկարահանվել ադրբեջանական կողմի՝ հայ զինծառայողների դիերը ցուցադրող տեսանյութը

19:40, 31 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ավստրալացի լրագրող, բաց աղբյուրների հիման վրա հետախուզական ուսումնասիրությունների գծով մասնագիտացած Բենջամին Սթրիքն ուսումնասիրել է ադրբեջանական սոցմեդիայի տիրույթում հրապարակված տեսանյութը, որում ներկայացված են հայ զինծառայողների դիերը: Լրագրողը, ուսումնասիրելով մեկ շարքով պառկեցված դիերի կադրերը, կարողացե է պարզել տեղանքը. խոսքը Կովսականի (Զանգելան) մասին է: «Տեսանյութը, որում ցուցադրվում են դիերը, որոշները ձեռնաշղթաներով, մյուսներն էլ մերկը, արվել է Զանգելանում, Ղարաբաղ: Արբանյակից արված լուսանկարը (ամսաթիվը 24/10/2020) ցույց է տալիս այն հատվածը, որտեղ տեսանյութում ցուցադրվում են դիերը»,-իր թվիթերյան էջում գրել է Սթրիքը: Ավելի վաղ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր թվիթերյան էջում հայտնել էր, որ սոցիալական մեդիայի ադրբեջանական տիրույթում հրապարակվել է նոր տեսանյութ, որում ցուցադրվում են սպանված 19 հայ զինծառայողների դիերը: ՄԻՊ-ը նշել էր, որ նրանցից ոմանք շղթայված ձեռքերով են և մերկ: «Ակնհայտ է, որ զինվորներից առնվազն չորսը նախքան սպանվելը ռազմագերի է եղել: Անպատժելիությունն ու միջազգային կուրությունը նոր հանցագործություններ ու ողբերգություններ են բերում Ղարաբաղին»,-գրել էր Բեգլարյանն ու կից համապատասխան լուսանկարներ հրապարակել: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր