00:00:00

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանին

03:54, 31 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Հոկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանին: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից։ ԱԳՆ ղեկավարը ողջունել է բելգիացի խորհրդարանականին եւ բարձր գնահատել նրա համարձակ քայլը՝ ծանր պահին Արցախի ու նրա ժողովրդի կողքին գտնվելու եւ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու համար։ Մասիս Մայիլյանը կարեւորել է Ժորժ Դալմանի երկարամյա գործունեությունը՝ ուղղված Բելգիայի խորհրդարանում Արցախի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, նրա շահերի պաշտպանությանն ու առաջմղմանը։ Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել բելգիացի խորհրդարանականին, մասնավորապես՝ Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի եւ միջազգային ահաբեկիչների ռազմական ագրեսիան եւ դրան ուղեկցող պատերազմական հանցագործությունները դատապարտող, ինչպես նաեւ Արցախի ժողովրդին մարդասիրական աջակցության անհրաժեշտությունն ընդգծող բանաձեւը հեղինակելու համար։ Իր խոսքում, Ժորժ Դալմանը նշել է, որ հերթական՝ երրորդ անգամ Արցախ այցելության նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին, կիսել այն դժվարությունները, որոնք Արցախի ժողովուրդը ստիպված է հաղթահարել եւ հետագայում՝ եվրոպական տարբեր հարթակներում ներկայացնել Արցախի վերաբերյալ ճշգրիտ պատկերը։ Նա ընդգծել է, որ Արցախի դեմ ռազմական ագրեսիան եւ մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումները լուրջ սպառնալիք են ոչ միայն Արցախի, այլեւ ողջ Եվրոպայի անվտանգության համար։ Ժորժ Դալմանի խնդրանքով Մասիս Մայիլյանը հանգամանալից ներկայացրել է սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի հանգամանքներն ու հետեւանքները։ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է բնակավայրերի, քաղաքացիական ենթակառուցվածքների եւ հիվանդանոցների վրա կանխամտածված հարձակումների արդյունքում Արցախում ստեղծված մարդասիրական ծանր վիճակը, ինչի հետեւանքով հանրապետության բնակչության շուրջ 60 տոկոսը ստիպված են եղել լքել իրենց մշտական բնակության վայրերը։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանը կարեւորել է մասնագիտացված միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներգրավման անհրաժեշտությունը՝ ճգնաժամը հաղթահարելու համար։ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը գործնական քայլեր ձեռնարկի՝ կասեցնելու Արցախի դեմ ագրեսիան, նվազեցնելու հակամարտության գոտում լարվածությունը եւ պայմաններ ստեղծելու՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այս համատեքստում, որպես առավել արդյունավետ միջոց, Մասիս Մայիլյանը շեշտել է Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը, ինչը հստակ ազդանշան կդառնա Ադրբեջանին՝ Արցախը զավթելու նպատակով ուժի կիրառման եւ մարդկության դեմ հանցագործությունների եւ այլ միջազգային հակաիրավական արարքների իրագործման անթույլատրելիության մասին։ Ժորժ Դալմանը շնորհակալություն հայտնեց իրադրությունը հանգամանալից ներկայացնելու համար՝ վստահեցնելով, որ կշարունակի իր հետեւողական ջանքերը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին ճշգրիտ տեղեկատվությունը Եվրոպայում ներկայացնելու, ինչը հիմք կստեղծի գործնական քայլեր ձեռնարկել՝ նպաստելու Արցախում բռնության դադարեցմանն ու ստեղծված մարդասիրական դժվարին իրավիճակի լուծմանը եւ տարածաշրջանում կայունության հաստատմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր