00:00:00

Ֆրանսիացի պատգամավորներն Արցախում են

14:30, 27 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Հոկտեմբերի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակության հետ: Արցախի ԱԳՆ ղեկավարը ողջունել է ֆրանսիական պատվիրակության անդամներին եւ երախտագիտություն հայտնել Ադրբեջանի կողմից զինված ագրեսիայի ենթարկվող Արցախի Հանրապետությանը ցուցաբերված համերաշխության համար։ Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել նաեւ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերը` ուղղված կրակի դադարեցմանը եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնմանը: Մասիս Մայիլյանը նշել է, որ ռազմական ագրեսիայի հետեւանքով հանրապետության բնակչության շուրջ 60%-ը ստիպված են եղել լքել իրենց մշտական բնակության վայրերը, ոչնչացվել է քաղաքացիական ենթակառուցվածքների էական մասը, ինչի արդյունքում Արցախում ծանր հումանիտար իրավիճակ է ստեղծվել: Նախարարը շեշտել է մասնագիտացված միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներգրավման անհրաժեշտությունը՝ ճգնաժամը հաղթահարելու համար: Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն ադրբեջանական ագրեսիան կասեցնելու ամենաարդյունավետ միջոցն է, քանի որ տվյալ գործընթացը կգործարկի ագրեսիան զսպելուն եւ Բաքվի իշխանություններին խաղաղություն պարտադրելուն ուղղված միջազգային քաղաքական եւ դիվանագիտական մեխանիզմները: Պատգամավորները Արցախի ԱԳՆ ղեկավարին են հանձնել Ֆրանսիայի խորհրդարան ներկայացված Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձեւի նախագծի կրկնօրինակը, որին արդեն միացել են Ֆրանսիայի խորհրդարանի ավելի քան 50 անդամներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր