00:00:00

Օրվա ընթացքում հրթիռակոծվել է Մարտունի քաղաքն ու Թաղավարդ համայնքը, ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել Մարտակերտը

23:50, 24 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻ պետկան ծառայությունը: Գրադի և սմերչի  կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և նույն շրջանի Թաղավարդ համայնքը։ Օրվա երկրորդ կեսին, հերթական անգամ  ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը։ Մարդկային կորուստներ չկան, ավերածությունները ճշտվում են։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 24-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 217 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 6614 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 963 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ: Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր